Ապրիլյան պատերազմի գլխավոր դասն է՝ ՀՀ անվտանգության ողջ համակարգի զարկերակը հայկական մարտունակ բանակն է. Խաչատուր Քոքոբելյան
Ապրիլի 2-ին լրանում է արցախա-ադրբեջանական սահմանին քառօրյա պատերազմի մեկ տարին: Պատերազմից քաղած դասերի, բացթողումների, շտկումների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանի հետ:
- Պարո՛ն Քոքոբելյան, ո՞րն է հիմնական դասը, որ պիտի քաղեր հայկական կողմը ապրիլյան պատերազմից հետո, քաղե՞ց, թե՞ ոչ:
-Քառօրյա պատերազմի ամենամեծ դասն այն էր, որ սկսած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց մինչև ամենաբարձր իշխանություններ պետք է հասկանան մի կարևոր հանգամանք, որ ՀՀ անվտանգության ողջ համակարգի զարկերակը հայկական մարտունակ բանակն է, որ Հայաստանը կարողացավ դիմակայել այդ պատերազմին բացառապես մեր զինվորների և քաղաքացիների արագ միավորման շնորհիվ:
-Պատերազմից հետո ՀՀ-ն այդ դասը քաղե՞լ է:
-Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն քաղել այդ դասը, այլևս անելիք չունեն ո՛չ քաղաքական դաշտում, ո՛չ էլ պետական համակարգում:
- Միջազգային հարթակո՞ւմ Հայաստանը ինչ դասեր քաղեց ապրիլյան պատերազմից հետո:
-Կա շատ կարևոր հանգամանք. երբ ՀՀ որոշ քաղաքական ուժեր, իշխանությունները դրոշակը ձեռքերին հայտարարում էին, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, քառօրյա պատերազմի ժամանակ ականատեսը դարձան, թե՛ Ռուսաստանի դաշնության փոխվարչապետի՝ զենքի վաճառքի մասին ցինիկ հայտարարությանը, թե՛ այն բանին՝ ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ժողովը տեղի չունեցավ Հայաստանում, որ մեր թշնամի երկրին չնեղացնեն:
Այսքանից հետո պետք է դաս քաղել. այն է, որ չի կարելի Արցախի հիմնախնդրում խոսել փուլային լուծման մասին, որովհետև անհնարին է պայմանավորվել շատ անկանխատեսելի վայրագությունների ունակ մի պետության հետ, որտեղ գիշեր ու ցերեկ հակահայկական քարոզչություն է իրականացվում: Միջազգային հանրությունը ևս պետք է իր դասերը քաղի և արդեն քաղել է այն առումներով, որ չի կարելի հավասարեցման նշան դնել երկու երկրների միջև: Միջազգային հանրությունը պետք է եզրահանգման գա, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի փոխզիջմամբ և Արցախի անկախությունը ճանաչելով: Այսինքն՝ զիջումները պետք է լինեն միայն անկախության դիմաց: Ղրիմի հետ չեմ ուզում համեմատել, բայց պարզապես հիշեցնեմ, որ երեք գերտերությունների երաշխավորության պայմաններում մեկ երաշխավորի ցանկությունն իրականացավ: Մենք պետք է հասկանանք, որ միակ պայմանը, որ կաշխատի երաշխավորի դեպքում, ուժեղ ու զարգացող Հայաստան կերտելն է:
-Պատերազմին հաջորդող օրերին խոսվում էր մի շարք բացթողումների մասին։ Փակվեցի՞ն այդ բացերը, թե՞ ժամանակի ընթացքում մոռացության մատնվեցին:
-Օրինակ՝ շատ կարևոր բացթողման մասին ասեմ: Պատերազմը չավարտված՝ նախագահի հանձնարարությունը եղավ Ազգային անվտանգության խորհրդին, որպեսզի Հայաստանն ու Արցախը կնքեն ռազմական փոխօգնության պայմանագիր: Դա հանձնարարվեց ԱԳՆ-ին, ՊՆ-ին, որպեսզի այդ փաստաթուղթը պատրաստեն, դա մինչև այս պահը չկա: Ինչո՞ւ չկա, չէ՞ որ դա պաշտոնապես ապահովում էր Երևանի մոտեցումները: Մենք միայն հայտարարում ենք, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց դա պետք է իրավակիրառական առումով տեսնի միջազգային հանրությունը:
-Պարո՛ն Քոքոբելյան, ի վերջո, լրացվե՞լ են բացեր, ի՞նչ է փոխվել բանակում:
-Հստակ կարող եմ ասել, որ ինձ համար տեսանելի չէ որևէ բացի լրացում։ Իհարկե, կան խնդիրներ, որոնք լուծվել են, օրինակ՝ Արցախում մենք ունենք մշտադիտարկման սարք: Բուն Արցախում բավականին լուրջ խնդիրների լուծումներ արդեն տրված են, դա հստակ կարող եմ ասել, ինքս ականատեսն եմ եղել, որ այսօր սահմանի կահավորումը էապես տարբերվում է, քան մինչև քառօրյա պատերազմն էր: Բայց մենք խնդիրներ ունենք Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանում, խնդիրներ ունենք Հայաստանի ողջ սահմանի երկայնքով, մենք անվտանգության խնդիր ունենք կապված ՀԱՊԿ-ի հետ: Նշեմ, որ մինչև այս պահը ՀԱՊԿ-ը որևէ գործուն քայլ չի արել Հայաստանի սահմանների համար:
-Դրա պատասխանն իշխանությունը տալիս է, մասնավորապես, որ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին, և դրա համար ՀԱՊԿ-ը չի միջամտում անհրաժեշտության դեպքում:
-Իշխանության պատասխանը, կոպիտ ասած, նման է հետևյալին՝ մեկն ինչ-որ բան շատ է ցանկանում, բայց ասում է՝ ես չեմ ցանկանում, որովհետև գիտի, որ դա իրեն հասանելի չէ: Իսկ ինչո՞ւ մինչ այժմ որևէ պահանջ չի ներկայացվել:
ՀՀ-ն իր բոլոր պետական կառույցներով ՀԱՊԿ-ից պարտավոր է պահանջել, որ այդ կառույցն իրացնի իր լիազորությունները Հայաստանի մասով, որը մինչ օրս չի արվել:










