Առաջին անգամ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դա ասում է մինչև իշխանության գալը. Արմեն Ռուստամյանը հակադարձում է Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, խորհրդարանական ընտրությունների պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող դիտարկումներին, նշեց, որ որևէ քաղաքական ուժ պարզապես իրավունք չունի որևէ ծրագիր, մոտեցում ներկայացնել, որը հակառակ է ժողովրդի արտահայտած կամքին:
«Ժողովրդական հանրաքվեները բա ինչի՞ համար են: Համաժողովրդական հանրաքվեները պարտադրում են, որ բոլորը հետևեն այդ հանրաքվեի կայացրած որոշումներին: Մենք առաջնորդվելու ենք դրանով: Թե ով ինչպես է առաջնորդվելու՝ ինչ-որ նոր դիվանագիտական հնարքներ է ուզում կիրառի, դա իր գործն է: Բայց երբեք չի կարելի անտեսել այն, ինչ ժողովուրդն արդեն ասել է: Իսկ Արցախի Հանրապետության ժողովուրդն արդեն երեք հանրաքվեներով շատ հստակ ասել է, թե ինչպես է պատկերացնում հարցի լուծումը: Դրանից մազաչափ շեղվելու իրավունք որևէ մեկը չունի»,- ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ եթե մենք հիմա չընդունենք միջազգային հանրության առաջարկած սկզբունքները, հետո ավելի վատ ընտրության առաջ կկանգնենք, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․«Այդ երգը մենք լսում ենք այն ժամանակվանից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ իշխանության: Ի դեպ՝ եկավ իշխանության բոլորովին այլ թեզերով՝ միացում, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրացում և այլն, և այլն: Բայց այդ ամեն ինչը մոռացվեց, և այդ առումով է, որ մենք խնդիրներ ունեցանք, որովհետև չի կարելի մի թեզով գալ իշխանության, հետո բոլորովին այլ, դրան հակառակ գործել»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա ուրախ է, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է այդ մասին մինչև իշխանության գալը:
«Երբեք այդպես չի եղել: Առաջին անգամ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դա ասում է մինչև իշխանության գալը, և թող ժողովուրդը ընտրի՝ արդյոք ընդունո՞ւմ է այն, ինչ առաջարկում է պարոն Տեր-Պետրոսյանը, թե՛ մնում է իր կարծիքին, որն արտահայտել է հանրաքվեով»,- ասաց նա:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։










