Քարոզչության փուլում եղած միջադեպերին ուշադրությամբ հետևում են  հատկապես ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդները. ԵՄ դեսպան

21:18 • 24.03.17

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողներ հետ զրույցում անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ նշեց, որ կարծում է, թե բոլոր վեճերն ու տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետք է լուծվեն դատարանում: «Ես կարծում եմ, որ օրինապահ մարմինների լիազորությունների շրջանակում է ցանկացած գործողության կանխարգելումը, որը միտված է հասարակական կարգի և անդորրի խախտմանը: Հետևաբար` այս բոլոր ընթացակարգերում հարկ է ապահովել թափանցիկության պատշաճ մակարդակը և պետք է օրինապահ մարմիններն իրենք պետք է առավել թափանցիկ իրականացնեն բոլոր գործողությունները ՝ ցույց տալու ցանկացած գործողության նկատմամբ առկա կասկածները, հատկապես բացառելու դրանց քաղաքական մեկնաբանությունը և միևնույն ժամանակ քաղաքացներին, ընտրողներին ևս մեկ անգամ վստահեցնելու օրենքի գերակայությունը»,-ասաց նա:

Դեսպանի կարծիքով՝  անցած շաբաթների ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցինք, որ հայ ժողովուրդն ունի շատ խորը արդարության զգացում և նա կարողանում է պատշաճ դատողություններ անել առ այն, թե արդյոք այս կամ այն վարվելաձևը, կամ այս այն գործողությունը, մասնավորապես, դատաիրավական համակարգին համապատասխանո՞ւմ է,թե  ոչ: «Բայց առաջնայինը ցանկացած տեսակի բռնությունը և ահաբեկչական գործողություն կանխելն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում այս քարոզչության փուլում եղած  միջադեպերին, ապա նա ասաց, որ հավաքում և ուսումնասիրում են բոլոր նման դեպքերը և դրանց ուշադրությամբ հետևում են  հատկապես ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդներ: Նա ասաց, որ քննությունից հետո կտան իրենց գնահատականը:

Անդրադառնալով հարցին՝ եթե այս ընտրությունները ժողովրդավարական չլինեն և ընտրախախտումներ լինեն, դա կազդի՞ արդյոք ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման վրա, նա ասաց. «ԵՄ-ն աշխատում է դրական սցենարի հիման վրա։ Մենք շատ ենք ցանկանում, որ Հայաստանի ժողովրդավարական աշխատակարգերում նոր որակ արձանագրվի այս ընտրություններով և մեր աջակցության գործողությունները պլանավորում ենք այնպես, որ այս ընտրությունները նոր համագործակցության փուլ են բացելու մեզ համար»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ ընտրություններից հետո հանձնակատար Հանը Եվրախորհրդարանում Հայաստանի միասնական աջակցության շրջանակի վերաբերյալ քննարկում է ունենալու, և եթե ամեն ինչ լավ ընթանա, դա լավ կանդրադառնա Հայաստան-ԵՄ համագործակցության համար։