Բելառուսի ՊԱԿ-ը մեղադրել է ձերբակալված ակտիվիստներին երկրում հեղաշրջում պատրաստելու համար
Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն (КГБ) հայտարարել է, որ մի շարք ստուգայցերի ընթացքում ձերբակալվել է «Սպիտակ լեգիոն» և «Երիտասարդ ճակատ» շարժումների 26 ակտիվիստ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հարուցվել է քրեական գործ զանգվածային անկարգություններին մասնակցության մասին հոդվածով: Բելառուսական հատուկ ծառայությունները պնդում են, որ ձերբակալվածները հեղաշրջման փորձ էին պատրաստում «Ուկրաինայից գրոհայինների» աջակցությամբ:
Ինչպես նշում են հատուկ ծառայությունում, նրանք պատրաստվում էին զենք օգտագործել փողոցային ակցիաների ժամանակ:
Ձերբակալությունները Բելառուսում սկսվել են մի քանի օր առաջ, սակայն մինչ այժմ հատուկ ծառայությունները պաշտոնական մեկնաբանություններ չէին անում: Լրագրողները և ընդդիմությունը կասկածներ են հայտնում ձերբակալվածների մասին տեղեկությունների հավաստիության վերաբերյալ:
Այս տարվա փետրվարին և մարտին Մինսկում և բելառուսական այլ խոշոր քաղաքներում չարտոնված բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել նոր հրամանագրի դեմ, որը պարտավորեցնում է գործազուրկ բնակիչներին ամեն տարի վճարել ավելի քան 200 դոլարի չափով տուգանք: Ցույցերից հետո Բելառուսում սկսվել են ընդդիմադիր ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ, գրում է կայքը:










