Նոր Գեղի գյուղում պայթյունից փլուզվել է թթվածնային կայանը. կա զոհ (տեսանյութ)

09:39 • 24.03.17

Մարտի 24-ին, ժամը 08:09-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում գտնվող թթվածնային կայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կայանը փլուզվել է, իսկ աշխատակիցներից մեկը մնացել է փլատակներում:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Կոտայքի ՄՓՎ օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը հետևել են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:

Ժամը 08.40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Արմենակ Ազարյանի դին:

Թթվածնային կայանը պատկանում է «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին: ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նշենք, որ Նոր Գեղիի թթվածնային կայանի պայթյունի հետևանքով մահացածը 1968 թվականին ծնված Արմենակ Ազարյանն էր, ով երկու անչափահաս երեխաների հայր էր:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը:

«Երևի ձեռքերը յուղոտ է եղել, թե ինչ, պայթյուն է տեղի ունեցել, որի ժամանակ ինքը տեղում մահացել է: Երկու երեխա ուներ, ապրում էին շատ վատ, խեղճ ընտանիք են»,- ասաց գյուղապետը:

 Ըստ գյուղապետի՝ թթվածնային կայանն առանձնապես ծանրաբեռնված չի աշխատում. «Մի երկու-երեք հոգի են աշխատում։ Կայանը 50 տարվա է, և հիվանդանոցների համար թթվածին էր արտադրում»:

Ֆրոնտիկ Գևորգյանը հավելեց՝ հաշվի առնելով փլուզումների հսկա ծավալը, կայանը, որը գյուղի համար լավ, թե վատ մի քանի աշխատատեղ էր ապահովում, երկար ժամանակ դեռ չի աշխատի: Միայն 15 մետր երկարությամբ և 8 մետր բարձրությամբ պատն ամբողջությամբ փլուզվել է: