Ցանկալի կլինի, որ հենց քաղաքացին հրաժարվի ընտրակաշառքից․ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու (տեսանյութ)
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ռեյտինգային ցուցակի պատգամավորության թեկնածու, Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով իր մարզում քարոզարշավի ընթացքի, այլ կուսակցությունների հետ ընտրապայքարի մասին, նշեց, որ չէր ցանկանա, որ իրենք «հակառակորդ մրցակցություն» ստեղծեին մեկը մյուսի միջև:
«Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է առողջ քննադատությամբ և առողջ մրցակցությամբ ձևավորի իր խորհրդարանը: Դա իսկապես պետք է նոր կուլտուրա լինի հայ ժողովրդի համար, ինչպես նոր սկիզբն է, այս օրենքի փոփոխությունը»,- ասաց նա:
Նա նշեց, որ ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Արարատի մարզի դեպքում, դժվարություններ ընտրապայքարի ժամանակ կարող են լինել:
«Բայց դա չի խանգարում քարոզելուն, մանավանդ, որ Դաշնակցությունն իսկապես քարոզելու բան ունի»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես է պայքարում այլ քաղաքական ուժերի կողմից բաժանվող ընտրակաշառքի դեմ՝ հաշվի առնելով, որ ինքը քաղաքի իշխանությունների ներկայացուցիչն է, նա պատասխանեց. «Կաշառք բաժանելը կրիմինալ է, և դա արդեն ոստիկանության խնդիրն է: Ցանկալի կլինի, որ մենք ձերբազատվենք դրանից, և ցանկալի կլինի, որ հենց քաղաքացին հրաժարվի դրանից»:
Մանրամասները՝ տեսանյութում։










