Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հանրության և քաղաքական 4 ուժերի՝ ՀՅԴ-ի, Ելք-ի, ԱԴ-ի և ՕՐՕ-ի դիրքորոշումները համընկնում են. Վ. Հոկտանյան

15:15 • 24.03.17

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն անցկացնում է քննարկում խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի հետ:  

Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ մի խումբ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ մշակել են հարցաշար՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական հիմնախնդիրների վերաբերյալ, ուղարկել դրանք կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին՝ ներկայացնելով դրանց վերաբերյալ մասնակից ուժերի դիրքորոշումները:  

Ներկայացնելով հարցերի պատասխանները՝ կազմակերպիչներն ասացին, որ 64 հարցից բաղկացած փաթեթին պատասխանել է քաղաքական 9 ուժերից 4-ը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Ելք» դաշինքը, «Ազատ դեմոկրատները» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Միաժամանակ, նույն հարցերին պատասխանել են նաև շարքային քաղաքացիները, որոնք համեմատվել են կուսակցությունների կողմից տրված պատասխանների հետ:

Վարուժան Հոկտանյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում քաղաքական 4 ուժի և հանրության դիրքորոշումը համընկնում է:

«Բոլորը գտնում են, որ ապօրինի հարստացման հետևանքով է, որ Ազգային ժողովում այսօր ունենք 16 միլիոնատեր և որ շահերի բախման հարցի կարգավորման վերաբերյալ լուրջ օրենք է պետք ընդունել: Միայն ՕՐՕ դաշինքն է, որ նշում է, թե միլիոնատերերը, որոնք օրինական ճանապարհով են ձեռք բերել իրենց հարստությունը, կարող են ներկայացվել խորհրդարանում, բայց նշում են, որ Հայաստանի պարագայում դա հնարավոր չէ»,- նշեց նա:

Միաժամանակ, ըստ Վարուժան Հոկտանյանի, եզակի ձերբակալությունները, ըստ քաղաքական 4 ուժի և հանրության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որոշիչ չեն:

«Ինձ ուրախացնում է, որ մարդիկ հասկանում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է տանել ավելի լուրջ քաղաքականությամբ: Դա չի նշանակում, որ ձերբակալություն պետք չէ, բայց միայն դրա առկայությունը քիչ է, հարկավոր են կանխարգելիչ միջոցառումներ»,- ընդգծեց Վարուժան Հոկտանյանը: