Մտածում ենք բազիսային աշխատավարձը, կենսաթոշակը բարձրացնելու մասին. Կարեն Կարապետյան
Մոտ օրերս մենք կհաստատենք Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտու ունենալու նախագծի փաստաթղթերը: Այս մասին այսօր Դավթաշեն վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մոտ օրերս մենք նաև կառավարության նիստով կանցկացնենք ազատ տնտեսական գոտու փաստաթղթերը և կարծում եմ՝ սեպտեմբեր-հոկտեմբերին Իրանի սահմանի վրա կունենանք այդ ազատ տնտեսական գոտին»,- նշեց վարչապետը:
Նրա կարծիքով՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ամենահամալիր և բոլոր կարևորագույն հարցերին պատասխան տվող ծրագիր ՀՀԿ-ինն է: Կարապետյանի նշեց, որ գործադիրում աշխատելու 6 ամիսների ընթացքում շատ խորը և անկողմնակալ ախտորոշում են տրվել երկրի առջև ծառացած խնդիրներին:
«Մեր թիմը ռեալ գիտի երկիրը ոնց փոխել, մեր թիմը ռեալ համոզված է, որ այն կարելի է անել՝ անկախ նրանից, թե ինչքան նեղված ենք, թերահավատ ենք, և ինչպիսի շրջապատում ենք ապրում»,- հայտարարեց նա:
Վարչապետի խոսքով՝ առաջիկայում լուրջ համակարգային փոփոխություններ են նախատեսվում, և եթե այդ փոփոխություններին դիմադրություն ցուցաբերվի, տվյալ անձիք շատ կոշտ վերաբերմունքի կարժանան:
Դավթաշենի բնակիչներից մեկը բարձրացրեց պետական համակարգում աշխատողների ցածր աշխատավարձի հարցը, ինչի վերաբերյալ Կարապետյանն ասաց, որ ամենակարևոր փոփոխությունները պետական կառավարման համակարգում են անհրաժեշտ: Ըստ նրա՝ եթե կառավարման մակարդակը չբարձրացվի, ապա հաջողության չեն հասնի և կառավարման պետական համակարգի այսօրվա վարձատրությունները թույլ չեն տալիս լավագույն մասնագետներին հրավիրել:
«Մենք պե՞տք է պետական կառավարման համակարգում վարձավճարման համակարգը պրինցիպիալ փոխենք՝ այո: Գուցե դրանից պետք էր սկսել, որպեսզի շուտ արդյունքի հասնեինք, բայց այսօր բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների չլուծման պարագայում, եթե վերցնեինք դրանից սկսեինք, մեզ ոչ մեկ չէր հասկանա: Կասեին՝ դեռ ոչ մի բան չարած իրենց աշխատավարձն են բարձրացնում»,- նշեց վարչապետը:
Մեկ այլ բնակչի հարցին, թե կենսաթոշակների բարձրացում նախատեսվո՞ւմ է, Կարապետյանը պատասխանեց. «Մենք մտածում ենք բազիսային աշխատավարձը, կենսաթոշակը բարձրացնելու մասին: Այն, ինչը որ ծրագրավորել են 2017 թ.-ին, կբերի հաստատական, ստաբիլ տնտեսական աճի և մենք տրամադրված ենք, որպեսզի 2018 թ. աշխատավարձերի, կենսաթոշակների խնդիրները լուծենք: Հնարավո՞ր է, որ այդ գործընթացը 2018 թ. շուտ լինի՝ չեմ բացառում, բայց քանի որ խոսում եմ այնպիսի բաներ, որոնց տակից դուրս կգամ, այս պահին ոչինչ չեմ ասի»,- ասաց նա:










