Սիցիլիայում մաֆիայի թեմայով վիճահարույց զբոսաշրջային տուրեր են անցկացվում
Մաֆիայի բնօրրանը համարվող Սիցիլիայում գործող զբոսաշրջային ընկերություններից մեկը՝ Easy Trapani-ն, բոլոր ցանկացողներին մաֆիայի թեմայով տուրեր է առաջարկում, ինչն առաջացրել է հանցագործների զոհերի հարազատների ու տեղի իշխանությունների զայրույթը:
Ինչպես նշում է The Local-ը, տուրի շրջանակում զբոսաշրջիկներին տանում են այն վայրերը (այդ թվում նաև հանրահայտ Կորլեոնե գյուղ), որոնք առնչություն ունեն սիցիլիական մաֆիայի ներկայացուցիչների հետ:
Մաֆիայի կողմից սպանված դատավորներից մեկի քույրը՝ Մարիա Ֆալկոնեն, նշել է, որ այդ տուրերը «վիրավորում են անմեղ զոհերի հիշատակն ու ապտակ հասցնում ամեն օր չարաբաստիկ երևույթի վերացման համար պայքարողների երեսին»:
Տրապանի քաղաքի քաղաքապետ Վիտո Դամիանոն պահանջել է, որ ընկերությունը դադարեցնի այդ ծառայության մատուցումը՝ նշելով, որ «դա իսկական խենթություն է ու վիրավորանք ամբողջ քաղաքի համար»:
Մինչդեռ Easy Trapani-ի տնօրեն Գանի Գրիլոն բացատրել է, որ իրենք զբոսաշրջիկներին պատմում են մաֆիայի ու դրա ներկայացուցիչների մասին՝ վերջիններիս չարագործությունների մասին բարձրաձայնելու նպատակով:










