94 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի օդաչու-փորձարկող Ստեփան Միկոյանը
Իննսունչորս տարեկանում (95-ամյակը կլրանար հուլիսին) մահացել է խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանի որդին՝ հայտնի օդաչու-փորձարկող Ստեփան Միկոյանը: Այդ մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինարարական կորպորացիայի մամուլի ծառայությանը:
«2016 թվականի մարտի 24-ին 94 տարեկանում կյանքից հեռացել է Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ պատվավոր օդաչու-փորձարկող, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Անաստասի Միկոյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայրենական ավիացիայի զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում:
Կորպորացիայում ընդգծել են, որ Ստեփան Միկոյանի մահը կորուստ է ամբողջ հայրենական ավիացիայի համար:
«Նա երկար և արժանի կյանք է ապրել: Նրա անունը միշտ կմնա ավիացիայի պատմության և մեր հիշողության մեջ»,- հավելել են մամուլի ծառայությունում:
1941 թվականին Միկոյանն ավարտել է Կաչինսկի Ա․ Մյասնիկյանի անվան օդաչուների ռազմական ավիացիոն դպրոցը, իսկ նույն տարվա դեկտեմբերին մեկնել է ճակատ:
Որպես օդաչու մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:
Անցած տարվա նոյեմբերին մահացել է Ստեփան Միկոյանի եղբայրը՝ խորհրդային ավիակոնստրուկտոր և ՄիԳ-29 կործանիչի ստեղծողներից Հովհաննես Միկոյանը:










