Արմաշ գյուղում ձկնաբուծարանի 25-ամյա պահակը որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել
Մարտի 24-ին, ժամը 06:50-ին Ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի ձկնաբուծարանի պահակը զենքով ինքնասպանություն է գործել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Նշված հասցեով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 23-ին ժամը 23:00-ից մինչև մարտի 24-ի առավոտյան 6:30-ն ընկած ժամանակահատվածում 1992թ.-ին ծնված Տ.Ա.-ն ինքնասպանություն է գործել որսորդական հրացանից գլխի շրջանում կրակելու միջոցով»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքնասպանություն գործած Տ. Ա.-ն Արմաշ գյուղի բնակիչ չէ, գյուղում ապրել է հորեղբոր հետ։
«Վերադարձել էր իր պապական տունը, ապրում էր հորեղբոր հետ: Տարօրինակ բնավորություն ուներ, մարդամոտ չէր, չէր շփվում, ընտանիք էլ չուներ: Նրա հայրն ու մայրը Ուկրաինայում Մայդանի դեպքերի ժամանակ են սպանվել են, դրանից հետո էր վերադարձել»,– ասաց նա:










