Մեր վերջն էլ է այսպիսին լինելու. հնդիկ ֆերմերները բողոքի ակցիա են անցկացրել՝ իրենց հետ գանգեր բերելով (լուսանկարներ)
Հնդկաստանի հարավում գտնվող Թամիլնադ նահանգի ֆերմերները բողոքի ակցիա են անցկացրել մայրաքաղաք Նյու Դելիում՝ իրենց հետ բերելով բազմաթիվ մարդկային գանգեր:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ֆերմերները դիմել են իշխանություններին՝ ասելով, որ եթե նրանք նահանգը պատուհասած ուժգին երաշտի դեմ համապատասխան միջոցառումներ չձեռնարկեն, իրենք ստիպված կլինեն ինքնասպանություն գործել:
«Մենք բողոքի ակցիան գանգերով ենք անցկացնում, քանի որ ուզում ենք ցույց տալ, որ մեր վերջն էլ է այսպիսին լինելու, եթե այս աղետին լուծում չտրվի: Տարիների ընթացքում պարտքեր են կուտակվել, ու երաշտն իրավիճակն ավելի է վատթարացրել: Գյուղատնտեսական համակարգը պետք է փոխվի, որպեսզի գյուղացիները գոյատևելու շանս ունենան»,-ասել է ցուցարարներից մեկը՝ Ռամա Նայդուն:
Ֆերմերների խոսքով՝ անցած 6 ամսվա ընթացքում իրենց նահանգում մոտ 400 գյուղացի է ինքնասպան եղել: Հայտնի է, որ ցույցին բերված գանգերը պատկանել են ինքնասպան եղածներին:














