Գնացեք և քվեարկե՛ք, վստահե՛ք նոր տեխնոլոգիաներին, մի՛ տրվեք ընտրակաշառքի գայթակղությանը, եղե՛ք խաղաղ միջոցների կողմնակից. Սվիտալսկու ուղերձը
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողներ հետ զրույցում հայտնեց, որ ԵՄ անդամ պետությունները շատ մոտիկից և սերտորեն մշտադիտարկում և հետևում են ընտրական գործընթացներին, բոլոր իրավախախտումներին և ոչ պատշաճ վարքի դրսևորումներին: «Բացի դրանից, ԵՄ-ն և բոլոր հետաքրքրված հաստատությունները կանեն ամեն բան՝ պատշաճ արձագանքելու կամ նկատի առնելու խախտման դեպքերը կամ հնարավորությունները՝ հատկապես ուշադրություն դարձնելով ընտրատեղամասերից չօգտագործված քվեաթերթիկների դուրս բերմանը, այս կերպ բացառելով ընտրախախտումների հնարավորությունները»,-ասաց նա
Նա հիշեցրեց, որ Ընտրական օրենսգիրքը սահմանել է պատիժ և համարում է օրինախախտում այն դեպքը, երբ չօգտագործված քվեաթերթիկները դուրս են բերվում ընտրատեղամասից, հետևաբար եթե լինեն մեծ անհամապատասխանելիություններ ընտրատեղամասերում առկա քվեաթերթիկների քանակի և քվեների քանակի միջև, ապա դա կնշանակի, որ քվեաթերթիկները դուրս են բերվել:
Դեսպանի խոսքով՝ իրենք հուսով են և միտված են, որ ընտրությունները կլինեն ավելի լավը հաջողը և առավել ժողովրդավարական, բայց որոշ գործոն է նաև ընտրողների պահվածքը, որովհետև նրանք նշանակալի դերակատարություն ունեն այս ընտրությունները հաջող դարձնելու գործում: Դեսպանն ուղերձ հղեց հայ ընտրողներին.«Գնացեք և քվեարկե՛ք, երկու՝ վստահե՛ք նոր տեխնոլոգիաներին և երեք՝ մի՛ տրվեք ընտրակաշառքի գայթակղությանը, չորս՝ թույլ մի՛ տվեք վարկաբեկել ձեզ, հինգ՝ հայտնե՛ք խախտումների մասին, վեց՝ եղե՛ք խաղաղ միջոցների կողմնակից, հաջողություն»,-ասաց նա:










