Ենթադրելի է՝ խոսակցություն կծավալվի Արցախում խաղաղապահների տեղակայման մասին․ իրանագետը՝ Պուտին-Ռոուհանի հանդիպման մասին

23:10 • 25.03.17

Մոսկվայում սպասվող Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանարապետության նախագահների հանդիպմանը քննարկման գլխավոր թեմաներից է լինելու Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի ռեժիմի սահմանմանը հարցը․ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով երկուշաբթի կայանալիք Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոուհանիի հանդիպմանը՝ ասաց իրանագետ,  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը:

«Այդ հարցի շուրջ վաղուց արդեն բանակցություններն ընթանում են, և այս անգամ էլ երևի այդ մասին կխոսվի: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև բարձր մաքսատուրքեր են սահմանված, որը խոչընդոտում է երկու կողմերի միջև առևտրի ծավալների մեծացմանը: Որոշ ապրանքների գծով մինչև 20 տոկոս մաքսատուրքեր կան, բանակցություններ էին գնում, որ դրանք զրոյացվեն»,-ասաց նա:

Նա նկատեց, որ Իրանը բավականին լավ հարաբերություններ ունի Ղազախստանի հետ, մինչև պատժամիջոցների չեղարկումը Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը մեկ միլիարդից ավելի էր, բայց արդեն  այս տարի 70 տոկոս աճ է գրանցվել:

«Դեռ պետք է ավելացվի,  նախատեսված է, որ սպասվող ազատ առևտրի ռեժիմի սահմանման հետևանքով այն կաճի»,- ասաց նա:

Իրանագետը համաձայնեց դիտարկմանը, որ Իրանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները լավացնում է՝ կոնպենսացնելու համար ԱՄՆ-ի հետ վերջին շրջանում սրված հարաբերություններից բխող վատ հետևանքները: «Իրանը միշտ էլ փորձել է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները աշխարհաքաղաքական կենտրոնների հետ: Ճիշտ է, Օբամայի կառավարման շրջանում Իրանի հարաբերություններն ինչ-որ չափով լավացել էին ԱՄՆ-ի հետ, բայց նա զուգահեռաբար զարգացնում էր իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Չինաստանի հետ միշտ էլ բարձր հարաբերություններ են ունեցել, իսկ Ռուսաստանի հետ վերջին շրջանում հարաբերություններոը լավացնելով՝ Իրանը ԱՄՆ-ին ցույց է տալիս, որ իրենք չեն պատրաստվում ամբողջովին նետվել Արևմուտքի գիրկը»,- ասաց նա՝ համարելով, որ այսպիսին է Իրանը քաղաքականությունը՝ կոմպլեմենտար:

Արմեն Վարդանյանը, խոսելով այն մասին, թե որքանով է հավանական, որ տարածաշրջանային խնդիրների համատեքստում ՌԴ-ի և Իրանի նախագահները կքննարկեն Ղարաբաղյան հակամարտությունը, մատնանշեց, որ երբ արդեն հաստատվեց երկու նախագահների հանդիպման լուրը, իրանական լրատվամիջոցներում քննարկվեց, որ հանդիպմանը խոսվելու է հիմնախնդրի կարգավորման մասին: «Իրանի համար չափազանց կարևոր է, որ այս տարածաշրջանում պատերազմական բռնկումներ չլինեն»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ տարածաշրջանում ձևավորվել են մի շարք պլատֆորմներ, ինչպես օրինակ, Ռուսաստան-Իրան-Ադրբեջանը, Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա, որոնց շրջանակներում նաև քննարկվում է Ղարաբաղյան հիմնախնդիրը, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Դրանք քաղաքական առումով իրենցից եռանկյունի չեն ներկայացնում: Խոսքը հիմնականում վերաբերում է տրանսպորտային հանգույցներին ուղղված համագործակցությանը: Դրանք չի կարելի քաղաքական համագործակցություն համարել, քանի որ այդ երկրների միջև նաև տարաձայնություններ կան: Ես վստահ եմ, որ Իրանը չի անի մի բան, որը ռեալ վտանգ կպարունակի Հայաստանի համար: Իրանը այս տեսակի հարաբերությունների հետ կապված Հայաստանի հետ է խորհրդակցում»:

Մոսկվայում Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ, ըստ իրանագետի, ենթադրելի է՝ խոսակցություն կծավալվի Արցախում խաղաղապահների տեղակայման մասին:  «Իրանը կտրականապես դեմ է բոլոր տեսակի խաղաղապահների տեղաբաշխմանը Լեռնային Ղարաբաղում: Դրանք լինեն ռուսական, ԵԱՀԿ, թե ՄԱԿ-ի մանդատների ներքո գտնվող խաղաղապահներ: Ես վստահ եմ, որ Իրանը Ռուսաստանին իր բացասական վերաբերմունքը կհայտնի այդ հարցի վերաբերյալ»,- ասաց նա:

Իրանագետը մեկ այլ, իր խոսքով, ուշագրավ փաստ հիշատակեց․ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը միայն արձագանքեց դեպքերին, երբ հայկական ուժերը նախաձեռնում էին ավելի խոշոր հակահարձակում: «Հստակ տեղեկություններ կան, որ Ռոուհանին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հորդորել է անմիջապես դադարեցնել կրակը: Մի բան պարզ է, որ Իրանն այս տարածաշրջանում կայունացնող գործոն է: Ռուսաստանի հետ այս հարցում Իրանի շահերը նույնը չեն»,- ասաց նա: