Բրիտանիայում Ferrari-ի վարորդը իշխանություններից 12 000 դոլարի փոխհատուցում կստանա ճանապարհային փոսի պատճառով
Մեծ Բրիտանիայի բնակիչ Սքոթ Նիկոլասը երկրի իշխանություններից դատական կարգով 10 000 ֆունտ ստերլինգ (մոտ 12 500 դոլար) է շահել ճանապարհին փոսն ընկնելու հետևանքով մեքենան վնասելու համար:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, բրիտանացին վարելիս է եղել Ferrari 458 սուպերքարը. հարված ստանալու հետևանքով վնասվել է մեքենայի անիվը, կախոցը, ինտերիերի տարրերը և անվտանգության բարձիկը: Բրիտանացու խոսքով` վերանորոգման աշխատանքները 11 000 դոլար են գնահատվել:
Դատարանում Նիկոլասը նշել է, որ փոսն ընկնելուց հետո հրաշքով է խուսափել ավտովթարից: Մեքենայի վերանորոգման աշխատանքները, որը բրիտանացին կատարել է միայն հանգստյան օրերին, 3 ամիս են տևել:
Փոխհատուցումը Նիկոլասին պետք է վճարվի 2 շաբաթվա ընթացքում: Նշվում է, որ նա մտադիր է ողջ գումարը հատկացնել բարեգործության` դժբախտ պատահարներից տուժածներին աջակցելու համար:











