Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի. ԱՄՆ կոնգրեսական

11:45 • 25.03.17

Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյվ Թրոթը, ով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և ապագայի ցեղասպանությունների կանխարգելման օրենքի նոր նախագիծ է ներկայացրել։

«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է մեկ ընդ միշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարևոր է նաև հայ ժողովրդի համար»,– ասել է նա:

Կոնգրեսականի խոսքով՝ նման օրինագծեր նախկինում նույնպես ներկայացվել են Կոնգրես, սակայն, վերջին տարիներին անհրաժեշտ մեծամասնություն չեն հավաքել։

«Այդ նախագծերը երբեք նախագահի աշխատասեղանին ստորագրման համար չեն հասել: Նախագահ Օբաման, սենատոր եղած շրջանում, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն, նախագահ դառնալուց հետո ինչ-որ պատճառով փոխել էր դիրքորոշումը»,– ասել է նա:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը նշել է, որ այսօր Մեծ եղեռնը հայտնի և ճանաչված է աշխարհում ավելի քան երբևէ։

«Մենք վճռական ենք տրամադրված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, սակայն, կասկած չունեմ, որ անխուսափելի է: Ես էլ իմ կողմից կշարունակեմ խթանել այդ գործընթացը»,– ասել է նա: