ՀՀ դեսպանն Էստոնիայի ԱԳՆ պետքարտուղարին ներկայացրել է 2016-ի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

14:57 • 25.03.17

Էստոնիա կատարած այցի շրջանակներում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մարտի 24-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի Ռիյգիկոգուի (խորհրդարան) ներկայացուցիչ Կուլլիկի Կուբարսեպի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնմանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև սիրիահայերին առնչվող մի շարք հարցերի: Դեսպան Մկրտչյանը խորհրդարանականին ներկայացրել է նաև ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր:

Այնուհետև, դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳՆ պետքարտուղար Ռայներ Սաքսի հետ, որի ընթացքում երկկողմ գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի և մոտ ապագայում դրա ստորագրման կապակցությամբ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նախորդ տարվա ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով հաճախակի դարձած ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում առաջացած լարվածությունը։

Դեսպան Մկրտչյանը պետքարտուղար Սաքսին ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության նպատակաուղղված աշխատանքները և Էստոնիայում ոլորտի առաջատարների հետ փորձի փոխանակման պատրաստակամությունը:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Մադիս Յարվի և Էստոնիայի Ազգային օպերայի տնօրեն Այվար Մաեի հետ, որի ընթացքում քննարկվել են առաջիկայում համատեղ մշակութային միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ մի շարք ծրագրեր:

Դեսպան Մկրտչյանն Էստոնիա կատարած այցի ավարտին ճանաչողական այց է կատարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցող «Proekspert» ընկերություն, որտեղ ընկերության ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ընկերությունների հետ փորձի փոխանակման հեռանկարները: