ԱՄՆ Միսուրի նահանգում հրաձգություն է տեղի ունեցել. մահացել է 15-ամյա դեռահաս
ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում իրականացված հրաձգության հետևանքով տուժել է 6 և մահացել մեկ մարդ: Մահացածը 15 տարեկան երիտասարդ է: Այս մասին հայտնում է KMOV հեռուստաալիքը` հղում անելով ոստիկանությանը:
Աղբյուրի հաղորդմամբ` մի քանի անհայտ անձ մոտեցել են փողոցում հավաքված մարդկանց խմբին և կրակ բացել նրանց ուղղությամբ: Տուժածների թվում կա 8-ամյա երեխա, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վնասվածքներ են ստացել նաև 17-40 տարեկան 5 մարդ:
Քննիչների տվյալների համաձայն` կրակը բացել է երեք անհայտ անձ: Ներկա պահին ոստիկանությունը որոնում է հանցագործներին: Քննիչները պարզում են միջադեպի պատճառներն ու հանգամանքները:
«Համագործակցելու պատրաստ վկաների բացակայության դեպքում բարդ է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել միջադեպը, քանի որ հրաձգության պատասխանատուներին գտնելու և այլ մանրամասներ պարզելու համար մեզ անհրաժեշտ են իրավիճակին ծանոթ մարդիկ», - ասել է ոստիկանության լեյտենանտ Ջոն Գրինը:










