Ամերիկյան Նյու Յորք նահանգը կաջակցի Թրամփի ներգաղթային քաղաքականությունից տուժած ներգաղթյալներին
ԱՄՆ Նյու Յորք նահանգը հատուկ ծրագիր է մեկնարկել, որի միջոցով պատրաստվում է օգնել նախագահ Դոնալդ Թրամփի վարած ներգաղթային քաղաքականությունից տուժած ներգաղթյալներին, այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Մի շարք իրավաբանական ընկերություններ, իրավաբանական կրթություն ստացող ուսանողներ կամավորական սկզբունքով իրավաբանական օգնություն կտրամադրեն ներգաղթյալներին, որոնք ծանր կացության մեջ են հայտնվել ամերիկյան օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով:
Նախագծի ընդհանուր ծախսերը կկազմեն շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար, գումարի մի մասը կհատկացվի նահանգի բյուջեից, մի մասն էլ մասնավոր ընկերությունների կողմից:
«Նյու Յորքը հույսերի և հնարավորությունների կղզի է բոլորի համար, իսկ ներգաղթյալները միշտ եղել են այս հզոր նահանգի մի մասնիկը»,- ասել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 6-ին նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 90 օրով դադարեցվում է մեծ մասամբ մահմեդական բնակչություն ունեցող երկրների` Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Սակայն ամերիկյան 3 նահանգների՝ այդ թվում Նյու Յորքի գլխավոր դատախազները միացել են Թրամփի նոր հրամանագրի դեմ հայցին։










