Տարբեր քաղաքական ուժերի թիրախում են այն ռեյտինգային թեկնածուները, ովքեր ավելի ռեյտինգային են. Արման Սահակյան (տեսանյութ)

19:04 • 26.03.17

Արաբկիր-Աջափնյակ-Դավիթաշեն ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունից առաջադրված Արման Սահակյանը Աջափնյակում բնակիչների հետ հանդիպումից հետո Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հետ կապված վատ տեղեկությունների արտահոսքը միտումնավոր է արվում՝ այլ քաղաքական ուժերի կողմից: «Թիրախում գտնվում են այն ռեյտինգային թեկնածուները, ովքեր ավելի ռեյտինգային են»,- ասաց Սահակյանը: 

- Այնպիսի ընտրատարածքում եք առաջադրված, որտեղ բավականին բարդ պայքար է ընթանում։ Ինչպե՞ս կգնահատեք Ձեր շանսերը: 

-2-րդ ընտրատարածքում առաջադրված 104 թեկնածուներ կան, և բոլորին էլ համարում եմ մրցակից: Նրանց մեջ կան ավելի ռեյտինգային թեկնածուներ, համենայնդեպս, ես կարծում եմ, որ դրանցից մեկն եմ: 

- Քարոզարշավներից մեկի ժամանակ հայտարարել էիք, որ ընտրությունները «մեր թաղի հարցն է, մեր փողոցի հարցն է»: Արդյոք դրանով չե՞ք փորձում, այսպես ասած՝ «թասիբի գցել» աջափնյակցիներին՝ ասելով, որ դա իրենց թաղի, փողոցի հարցն է, ոչ թե ՀՀԿ-ի ընտրության: Կարծիք կա նաև, որ այդ հայտարարությամբ փորձում եք խուսափել ՀՀԿ-ական ներկայանալուց:  

-Մենք ունենք լրատվամիջոցներ, որոնք մարդու խոսքը կիսատ են ներկայացնում, և դա այդ դեպքերից մեկն է: Ես ընդամենը ասել եմ, որ ամեն մարդ երկիրը կառուցելուց պետք է սկսի իր ընտանիքից, իր մուտքից, իր բակից, իր թաղից: Ես դրա մասին եմ խոսել ընդամենը: 

- Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ վիճաբանություն, ապա ծեծկռտուք է եղել Ձեր թիմակիցների և նույն տարածքում «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Վահան Կարապետյանի ու իր թիմակիցների միջև: Ինչի՞ համար է արվում, ո՞ւմ է դա ձեռնտու: 

- Մեր թիմակիցների մեջ ծեծկռտուք չի եղել, այսինքն՝ իմ թիմակիցների մեջ: Ես տեղյակ չեմ, անկեղծ, Դուք այդ հարցը կարող եք ուղղել պարոն Կարապետյանին: Ես նրա հետ բավականին լավ հարաբերությունների մեջ եմ, մենք ապրում ենք մի թաղամասում: Անկախ բոլոր ժամանակներից՝ կլինի՞ ընտրություն, թե ոչ, մենք շփվում ենք իրար հետ, մենք խնդիր չունենք: 

-Նախկինում Դուք կարծես չէիք հերքել այդ միջադեպը: 

-Ես ընդամենը ասել էի, որ մեր շտաբերից մեկի մոտ է տեղի ունեցել այդ ամեն ինչը: 

-Եթե նման դեպք չի եղել, ինչո՞ւ են նման տեղեկություններ տարածվում, աղմուկ բարձրացվում, ո՞ւմ է ձեռնտու: 

- Ես կարծում եմ՝ տարբեր քաղաքական ուժերի: Արդեն մի քանի անգամ արդեն իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ թիրախում գտնվում են այն ռեյտինգային թեկնածուները, ովքեր ավելի ռեյտինգային են: