Պետք է բանակային կարգուկանոն հաստատենք և արմատախիլ անենք արատավոր երևույթները, որոնք գաղջացնում են երկիրը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե իրենք այն առաջամարտիկներն են, որոնք մտածում են երկրի առաջընթացի մասին:
Նա հայտարարեց, որ բանակային կարգուկանոն պետք է հաստատեն հայրենիքում և արմատախիլ անեն արատավոր երևույթները, որոնք գաղջացնում են երկիրը:
Խոսելով դաշինքի ծրագրերի մասին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ պայքարելու են մենաշնորհների դեմ, առաջին հերթին՝ սահմանային վայրերում, բարձրացնելու են ՓՄՁ-ների դերը՝ նրանց հինգ տարի ազատելով հարկերից, խթանելու են ծնելիությունը:
Նախկին պաշտպանության նախարարն ասաց, որ բանակում պայմանագրային աշխատողների աշխատավարձը բարձրացնելու են, բարելավելու են պահեստազորի սպաների բնակարանային պայմանները, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների, որոնց թիվը շուրջ 2000 է։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ վերացնենք անջրպետը իշխանության ու ժողովրդի միջև և այն ուժն ենք, որը վերադարձնելու է իշխանությունը ժողովրդին: Մենք ձեզ հետ միասին ամեն ինչ անելու ենք երկրի առաջընթացը ապահովելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ հաշվետու են լինելու ժողովրդին:
«Այսօր դուք կարող եք հարց տալ՝ գալիս ենք, հինգ տարին մեկ գաղափար ներկայացնում, այնուհետև հայտնվում միայն հինգ տարի հետո՝ ընտրություններին: Ես առաջին անգամ եմ որպես քաղաքական գործիչ հանդիպում ունենում ձեզ հետ, բայց զինվորականի խոսք եմ տալիս՝ թիմի հետ ամեն անգամ ամեն տարի գալ և ասել, թե ինչ ենք արել այս ժամանակահատվածում, տարին ինչ է տվել մեր ժողովրդին: Դրա համար նախատեսել ենք փոփոխություններ, որ կտրուկ պետք է լինեն՝ թռիչքային»,-ասաց նա:










