ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի կիրառման փաստերով պատրաստվում ենք հետագա գործողությունների՝ դատարաններում. Մանե Թանդիլյան

19:47 • 27.03.17

Ընտրություններում ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու իրավական հիմքերն ենք ուսումնասիրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը: «Միաժամանակ, մենք այդ բոլոր փաստերով պատրաստվում ենք հետագա գործողությունների՝ դատարաններում»,- նշեց նա: Թանդիլյանը նաև խոսել է  նախընտրական քարոզարշավի ընթացքի, ներքաղաքական վերջին զարգացումների մասին:

- ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր. «վախեցեք նրանցից, ովքեր այսօր ամենաբարձրն են գոռում, որ ՀՀԿ–ի հետ դաշինք չեն կազմի»: Կարծես թե, «Ելք» դաշինքն է «ամենաբարձրը» ասում այս մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ֆարմանյանի հայտարարությունը:

- Ես չգիտեմ ում են ուղղված եղել այդ խոսքերը: Ենթադրում եմ, որ ուղղված են իր գործընկեր ՀՀԿ-ականներին, որոնք իսկապես անհանգստանալու բան ունեն: Իր հետ կոալիցիա բացառում է մի ուժ՝ «Ելք» դաշինքը, որն ամենաիրատեսական շանսերն ունի խորհրդարանում զրկելու իրենց քաղաքական մենաշնորհից: Կարծում եմ, անհանգստանալու տեղ ունի պարոն Ֆարմանյանը:

- Ընդդիմադիր բոլոր ուժերը քարոզչության ընթացքում հայտարարում են, որ ամենաընդդիմադիրը, իրական ընդդիմությունը իրենք են: Սա իշխանության նկատմամբ հակակրանք ունեցող ընտրողների քվեն ստանալու համա՞ր է արվում: Եվ, վերջապես, քաղաքացիներն ինչպե՞ս կողմնորոշվեն, թե ով է իրական ընդդիմադիրը:

- Իրականում դաշտը շատ պարզ է, և մարդիկ հստակ գիտեն այն ուժին, որն իսկապես հակակշիռ է իշխանությանը և ընդդիմադիր է ոչ միայն հռետորաբանությամբ, այլև անցած ճանապարհով և արժեքներով: Կողմնորոշվելը շատ հեշտ է՝ չպետք է ընտրել բոլոր նրանց, ովքեր իրենց ընտրակաշառք են առաջարկում որևէ ֆորմատով: Չպետք է ընտրել բոլոր նրանց, ովքեր իշխանությունների հետ կոալիցիա են կազմել երբևէ կամ եղել են իշխանություն: Եվ պետք է ընտրել այն արժեքային ընդդիմադիր ուժին, որը չի փոշիացնելու իրենց քվեն, կոնսոլիդացնելու է այդ ձայները, և ՀՀԿ-ին ընդդիմադիր դարձնելու բոլոր շանսերն ունի: Դա «Ելք» Դաշինքն է:

- Դուք միշտ հայտարարում եք, որ պայքարում եք երկրում տիրող հուսահատության դեմ: Քարոզարշավը ի՞նչ արդյունք է տվել այս առումով, դրական տեղաշարժ կա՞ հուսահատությունը հաղթահարելու հարցում:

- «Ելք» դաշինքի շուրջ կա շատ դրական մթնոլորտ, որը հենց նշանակում է, որ հուսահատության դեմ պայքարը արդյունք է տալիս: Իրականում անհրաժեշտ է, որ մարդիկ հավատան իրենք իրենց ուժերին, և իմանան, որ ոչինչ կանխորոշված չէ, որ որոշողը իրենք են: Մենք վերականգնելու ենք մարդկանց հավատը նաև մեր գործունեության միջոցով և արդյունքում՝ ընտրություններից հետո:

- Մի խումբ քաղաքացիներ երեկ երթ են իրականացրել դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վարչական ռեսուրս կիրառելու համար ՀՀԿ-ին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու պահանջով։ «Ելք»-ն ինչո՞ւ չէր միացել այս ակցիային, հնարավոր է, որ առաջիկայում միանաք:

- Դուք գիտեք, որ մենք անմիջապես նույն օրը ասուլիս ենք հրավիրել, հայտնել մեր մտահոգությունը և ուսումնասիրում ենք իրավական հիմքերը ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու: Միևնույն ժամանակ, մենք այդ բոլոր փաստերով պատրաստվում ենք հետագա գործողությունների՝ դատարաններում: Գիտեք, որ ակտիվ քարոզչության մեջ ենք, և երեկ գտնվում էինք Վանաձորում, որտեղ հանրահավաք էինք կազմակերպել: Համոզված եմ, որ կազմակերպիչները ճիշտ են վարվել, և ֆիզիկապես ներկա չլինելը չի նշանակում չմիանալ կամ գործողությունների չդիմել: Բացի դա, «Ելք»-ը միայն ձեզ ճանաչելի մարդիկ չեն:  Այնպես որ, որևէ խախտում հենց այնպես չի անցնելու, մենք գնահատում ենք դրանց ազդեցության աստիճանը մեր ռեսուրսները ճիշտ օգտագործելու և բաշխելու համար: