Ավստրիան առաջին անգամ ԻՊ-ի հետ կապերի համար երկրի քաղաքացուն զրկել է քաղաքացիությունից

14:16 • 27.03.17

Ավստրիական իշխանությունները քաղաքացիությունից զրկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու համար դատապարտված ազգությամբ թուրք Յունուս Ֆ.-ին: Դա Ավստրիայում նմանատիպ առաջին դեպքն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ավստրիական լրատվամիջոցները:


Նշվում է, որ 2014 թվականի օգոստոսին Վիեննայի բնակիչ Յունուս Ֆ.-ն հեռացել է Ավստրիայից և մի քանի չեչենների հետ ձերբակալվել է սիրիական սահմանին ԻՊ-ի ահաբեկիչներին միանալու փորձի ժամանակ: Յունուս Ֆ.-ն եղել է ավտոմեքենայի ղեկին, որը խումբը տանում էր Սիրիա:


2015 թվականի հունիսին ահաբեկչական միավորմանն անդամակցության համար նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման: Դատավճիռն ուժի մեջ է մտնել 2015 թվականի դեկտեմբերին: Սակայն դատապարտյալին քաղաքացիությունից զրկելու համար անհրաժեշտ է եղել ապացուցել, որ նա կպահպանի այլ երկրի քաղաքացիություն, այս դեպքում՝ թուրքական:


Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հրահանգել է հետաքննություն իրականացնել և կարգավորել Յունուս Ֆ.-ի քաղաքացիության հարցը: Մարտի կեսին որոշում է կայացվել դատապարտյալին զրկել ավստրիական քաղաքացիությունից:


Այժմ Յունուսին հավանաբար արտաքսում է սպասվում: