Աշոտ Պետրոսյանի և Գևորգ Իրիցյանի կալանքի ժամկետները երկարացվել են

20:48 • 27.03.17

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Գևորգ Իրիցյանի և Աշոտ Պետրոսյանի խափանման միջոց կալանքի ժամկետները երկարացվել են:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Իրիցյանի և Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 23-ին երկարացրեց Գևորգ Իրիցյանի կալանքի ժամկետը, իսկ մարտի 24-ին երկարացվեց Աշոտ Պետրոսյանի կալանքի ժամկետը»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով՝ (գույքային վնաս պատճառելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շրջանառելը)։

Գևորգ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):