Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կանխագուշակել է Եվրամիության «մահը»

12:56 • 27.03.17

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ Եվրամիությունը կանհետանա աշխարհի քաղաքական քարտեզից: Լիլ քաղաքում իր աջակիցներին ուղղված ուղերձում նա խոստացել է պաշտպանել Ֆրանսիան գլոբալացումից, հայտնում է Reuters գործակալությունը:


«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց և Մեծ Բրիտանիայում հանրաքվեից հետո Ֆրանսիայում ընտրությունները կլինեն հերթական քայլը, որը նա բնութագրել է որպես «մարդկանց համաշխարհային ապստամբություն»:


«Եվրամիությունը կվերանա, որովհետև մարդկանց այն այլևս պետք չի լինի»,- ասել է Լը Պենը:


Եկել է գլոբալիստներին ջախջախելու ժամանակը, ասել է նա իր հիմնական մրցակիցներ Էմանուել Մակրոնի և Ֆրանսուա Ֆիյոնի հասցեին՝ մեղադրելով նրանց Եվրամիության և շուկայի շահերի համար «դավաճանության» համար:


Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: