Թուրքիայի կողմից հացահատիկեղենի ներմուծման հետ կապված արգելանքը պատասխան է Ռուսաստանին․ Լևոն Հովսեփյան

21:37 • 27.03.17

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններում ի հայտ եկած վերջին անախորժությանը՝ թուրքական շուկայում ռուսական հացահատիկեղենի մուտքի արգելքին, նշեց, որ այս երկու երկրների մասին խոսելիս պետք է տնտեսական և քաղաքական գործընթացները միասին դիտարկենք: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս պահին դրանք պայմանավորված են մեկը մյուսով:

«Չնայած Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ արգելանքները մեծամասամբ հանել է, բայց այնուհանդերձ մի շարք կարևորագույն կետերով այդ արգելանքները պահվում են, ինչը լուրջ խնդիր է Թուրքիայի համար»,- ասաց նա՝ նկատելով, որ անգամ վերջին բարձր մակարդակով հանդիպումը այս հարցի հետ կապված որևէ արդյունք չտվեց:

Հիշեցնենք, որ ՌԴ Գյուղատնտեսական ապրանքների արտահանման ազգային ասոցիացիայի տվյալներով՝ մարտի 15-ին թուրքական կողմը դադարեցրել է ռուսական ցորենի, եգիպտացորենի և բուսական յուղի ներկրման համար համապատասխան արտոնագրերի տրամադրումը, ինչը փաստացի նշանակում է արգելք սահմանել ռուսաստանյան ապրանքների ներկրման հարցում:

Լևոն Հովսեփյանի խոսքով՝ Թուրքիայի կողմից հացահատիկեղենի ներմուծման հետ կապված արգելանքը պատասխան է Ռուսաստանի կողմից կիրառվող կարևորագույն պատժամիջոցներին: «Թուրքիան հանդիսանում է ռուսական հացահատիկի սպառման կարևոր շուկաներից մեկը, և դրա սպառման արգելանքը Թուրքիայի կողմից մի հակաքայլ էր ուղղված Ռուսաստանին, որը պետք է դիտարկել նաև քաղաքական գործընթացների համատեքստում»,- նշեց նա:

Թուրքագետը նաև նկատեց, որ ռուս-թուրքական հաշտեցումից հետո երկու երկրները բավականին շատ քայլեր արել են՝ հարաբերություններն ավելի լավը դարձնելու համար, սակայն, ըստ նրա, նրանց միջև դեռ կան որոշակի հակասություններ: «Դեռ վերոնշյալ տնտեսական պատժամիջոցները, որ դեռևս պահպանվում են, այդ նույն հակասությունների և քաղաքական լծակների օգտագործման տրամաբանության  մեջ են»,- ասաց նա՝ հավելելով, որ  այժմ էլ երկու երկրների միջև շարունակվում են հակասություններ լինել Սիրիայի հիմնախնդրի հետ կապված. Թուրքիայի «սրտով չէ»  Սիրիայում ռուսական զինուժի ռազմաբազայի տեղակայման հնարավորությունը:

Լևոն Հովսեփյանի կանխատեսմամբ՝ կողմերը կփորձեն բավականին ինտենսիվ շարունակել մեկը մյուսի նկատմամբ իրենց ձեռքում գտնվող խաղաքարտերի օգտագործումը:

Այս երկու երկրների միջև հարաբերություններն իրենց ազդեցությունն ունենում են տարածաշրջանի երկրների վրա, ըստ թուրքագետի, սակայն, անուղղակիորեն: «Այս գործընթացները նաև Հայաստանի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեն: Իրենց ազդեցությունը Հայաստանի վրա ունեն նաև Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները: Բայց էական տեղաշարժեր դեռ չեմ կանխատեսվում, որովհետև կողմերը, որքան էլ փորձեն նաև մեր տարածաշրջանում ընդհանուր օրակարգ ձևակերպել, նրանց դա չի հաջողվի»:

Անդրադառնալով այն մտահոգություններին, թե Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում որպես խաղաքարտ օգտագործում է նաև Հայաստանին, Լևոն Հովսեփյանը նկատեց․ «Չնայած նախկինում կային նման մտահոգություններ, բայց գործընթացն առավելապես չտեղափոխվեց մի իրավիճակի, երբ Հայաստանը ակտիվ ներգրավվածություն կունենար այդ գործընթացներում: Հիմա էլ, չեմ կարծում, որ Հայաստանը որևէ կերպ ուղղակիորեն ներգրավված կլինի այդ գործընթացներում»: