Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին կալանավորվել է 15 օրով՝ ոստիկանությանը չենթարկվելու համար
Մոսկվայի Տվերի դատարանը երկուշաբթի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին 15 օրով կալանավորելու որոշում է կայացրել Մոսկվայի կենտրոնում կիրակի անցկացված չարտոնված ցույցի ընթացքում ոստիկանությանը չենթարկվելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ դատարանի դահլիճից:
Բացի այդ, Նավալնին դատարանի կողմից տուգանվել է 20 հազար ռուբլու չափով գումարով՝ այդ չարտոնված միջոցառումը կազմակերպելու համար: Նա հրաժարվել է ընդունել իր մեղքը:
Ինչպես դատարանում հայտարարել է Նավալնին, քաղաքապետարանը թույլ չի տվել միջոցառումն անցկացնել քաղաքի կենտրոնում, իսկ այլընտրանքներն առաջարկել է միայն հանրահավաքի նախօրեին:
Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել էր մարտի 26-ին Մոսկվայում Տվերսկայա փողոցում, որտեղ ընթանում էր կոռուպցիայի դեմ ակցիա: Ակցիային, տարբեր տվյալներով, մասնակցել է 8-ից մինչև 20 հազար մարդ:
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ մարտի 26-ին, Ռուսաստանի տասնյակ քաղաքներում կոռուպցիայի դեմ հանրահավաքներ են անցկացվել: Բողոքի պատճառ է դարձել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի հետաքննությունը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի անշարժ գույքի և ունեցվածքի վերաբերյալ:










