Պատրա՞ստ եք, ինչպես ֆուտբոլում, դառնալ մեր 12-րդ խաղացողը. Նիկոլ Փաշինյանը՝ արարատցիներին

13:18 • 27.03.17

Մարտի 27-ին «Ելք» դաշինքը Արարատի մարզում էր, որտեղ նախ եղավ Մասիս քաղաքում, ապա՝ Արարատում:  

«Սիրելի՛ մասիսցիներ, խոսում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Մենք այստեղ ենք «Ելք» դաշինքի քաղաքական թիմի ներկայացուցիչներով: Եկել ենք ձեզ ասելու, որ Հայաստանը համակած հուսահատությունից ելք կա: Դուք կարող եք օգտվել «Ելք»-ի այդ հնարավորությունից՝ ընտրական տեղամասեր գնալով և մեր դաշինքն ընտրելով: Սիրելի՛ մասիսցիներ, ՀՀ հպա՛րտ քաղաքացիներ, ապրիլի 2-ին գնացե՛ք ընտրական տեղամասեր և գլոււխներդ բարձր, դուխով քվեարկե՛ք «Ելք» դաշինքի օգտին՝ վերցնելով համար 1 քվեաթերթիկը»,-Մասիսի փողոցներում քայլելով՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ կանգառում Նիկոլ Փաշինյանն ու Արամ Զավենի Սարգսյանը խոսքի բռնվեցին բնակիչների հետ. «Մարաթոնյան վազքը գիտեք չէ՞ ինչքան է՝ 42 կիլոմետր։ Ենթադրենք ՝վազում, վազում ենք, եկել հասել ենք 30-րդ կիլոմետրին, գալիս ենք, վազելով անցնում ենք ու կողքից ասում են՝ ախպեր, որ էդքան վազում ես, ի՞նչ ա եղել, վազում-վազում ես, հլը տեղ չես հասել: Հա, տեղ չենք հասել, որովհետև դեռ 12 կիլոմետր կա։ Հիմա, եթե էդ վազքի մեջ մի բաժակ ջուր եք տալիս, ծափ եք տալիս, մի հատ էլ ձայն եք տալիս, բա մարդու էներգիան բարձրանում ա, հասկանում ա, որ աջակիցներ ունի: Ֆուտբոլում ոնց ա, ասում են՝ հանդիսատեսը 12-րդ խաղացողն ա: Հիմի դառնո՞ւմ եք 12-րդ հանդիսատեսը»:

Արամ Սարգսյանն էլ ավելի կարճ հորդորեց՝ քվեարկեք մեր օգտին ու ամեն ինչ լավ կլինի:

Մասիսից հեռանալով՝ Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Մեզ ձա՞յն եք տալիս, թե իզուր եկանք, հասանք ստեղ»: