Կալանավորված սարիթաղցիների հարազատները նստացույց են անցկացնում դատախազության դիմաց և կդիմեն անժամկետ հացադուլի (տեսանյութ)

18:30 • 27.03.17

Կալանավորված սարիթաղցիների հարազատներն այսօր նստացույց են իրականացնում դատախազության շենքի առաջ՝ պահանջելով ազատ արձակել 10 սարիթաղցիներին, ովքեր կալանավորվել են 2016թ. հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների հետ բախումներից հետո։

Սարի թաղի գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը հայտնեց, որ արդեն 9-ը ամիս է, ինչ իր ամուսինը կալանավորված է. «Իրենք չեն համապատասխանում դատախազի ներկայացրած մեղադրանքին: Երկրորդն էլ՝ տուժող ոստիկանները ցուցմունք են տալիս դատարանում, որ չեն ճանաչում տղաներին, նրանք իրենց չեն խփել, բայց իրենք ապօրինաբար կալանքի տակ են պահում մեր հարազատներին»:

Երևանի Պարեկապահակային գնդի գրավման օրերին ոստիկանների ու սարիթաղցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո կալանավորվածների հարազատները պնդում են, որ իրենց հարազատները հուլիսի 19-ին փողոց էին դուրս եկել սոցիալական պահանջներով: 

«Անջատել էին մեր գազը, լույսը, տրանսպորտ չկար, և տղաները պարզապես իջել էին պարզաբանելու, թե ինչու են փակել: Տղաները իջան, ոստիկանները հրահրեցին իրենց և բախում տեղի ունեցավ»,- ասաց Բեռնեցյանը:

Նարինե Ղազարյանն էլ, ով գործով կալանավորված Հրաչ Բոյաջյանի կինն է, նշեց, որ իրենք միայն նստացույցով չեն բավարարվելու. «Մարդիկ դիմում են հացադուլի, որն իրենց վրա վատ է անդրադառնալու: Մենք նույնպես նստացույցից հետո կդիմենք անժամկետ հացադուլի: Եթե նրանք այնտեղ պետք է մահանան, ուրեմն մենք դրսում ապրելու իմաստ չենք տեսնում»:

Հուլիսի 19-ին սարի թաղում ոստիկանների հետ բախման մեջ մտած 10 սարիթաղցիները ազատազրկված են Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով՝ ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով, ինչի համար նրանց 5-10 տարվա ազատազրկում է սպառնում: