Թրամփն իր փեսային կնշանակի Սպիտակ տանը ստեղծված նոր գրասենյակի ղեկավար. The Washington Post
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է երկուշաբթի հայտարարել Սպիտակ տանն ընդլայնված լիազորություններով նոր գրասենյակի բացման մասին, հայտնում է The Washington Post-ը՝ մանրամասնելով, որ այն ղեկավարելու է նախագահի փեսան՝ նրա ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:
Նշվում է, որ Ամերիկյան նորարարությունների գրասենյակը (Office of American Innovation) կզբաղվի Թրամփի նախընտրական քարոզարշավի շրջանակում տրված մի շարք խոստումների իրականացմամբ: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է վետերանների խնամքի համակարգի բարեփոխմանն ու օփիոիդային կախվածության դեմ պայքարին:
Հայտնի է, որ գրասենյակն անմիջականորեն կգտնվի Թրամփի ենթակայության տակ: Դրա առաքելություններից մեկը կլինի կառավարության աշխատանքում թարմ գաղափարների ներդրումը:
«Մենք պետք է գերազանցության հասնենք կառավարման համակարգում: Կառավարությունը պետք է գործի ամերիկյան հզոր ընկերության պես: Մենք լիահույս ենք, որ մեր հաճախորդների համար, խոսքն, իհարկե, ԱՄՆ քաղաքացիների մասին է, կկարողանանք մեծ հաջողությունների հասնել»,-ասել է 36-ամյա Քուշները:










