Թրամփը նկատել է, որ ներգաղթյալների հոսքն ԱՄՆ նվազել է

10:20 • 27.03.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում նշել է, որ ԱՄՆ մուտք գործել փորձող ներգաղթյալների թիվը նվազել է:


«Գեներալ Ջոն Քելին (Ազգային անվտանգության հարցերով նախարար-Tert.am) հրաշալի աշխատանք է տանում սահմանին: Թվերն էականորեն նվազել են: Շատերը նույնիսկ այլևս չեն էլ փորձում հասնել ԱՄՆ»,-սոցկայքում գրել է 70-ամյա ղեկավարը:


Նշենք, որ Թրամփը բավական կոշտ միգրացիոն քաղաքականություն է վարում, ինչի համար նրան հաճախ քննադատում են:


Մարտի սկզբին նրա վարչակազմը ներկայացրել էր նոր միգրացիոն հրամանագիր, որն 90 օրով արգելում է առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 6 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ, 120 օրով դադարեցնում է Փախստականների օգնության ծրագրի աշխատանքն ու անժամկետ դադարեցնում սիրիացի փախստականների ընդունումը: Այնուհանդերձ՝ հրամանագրի գործողությունը կասեցվել է ամերիկյան դաշնային դատարանների որոշմամբ: