Պետք է անմիջապես գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ապրիլյան պատերազմի դասերն` ըստ Լևոն Զուրաբյանի

21:59 • 27.03.17

Ըստ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ ապրիլյան պատերազմից գլխավոր դասը, որ պարտավոր ենք քաղել այն է, որ պետք է հասկանանք՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, երբ ասում էր՝ պետք է ազատագրված Արցախը պահպանելու նպատակով անմիջապես գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընդ որում այն ժամանակ, երբ մենք ուժեղ ենք:

Tert.am-ի հետ զրույցում նա առաջին նախագահի 90-ականներին ասած խոսքերն այսպես պատճառաբանեց. «Ադրբեջանը, ունենալով նավթային պաշար, տարիների ընթացքում կուժեղանա, կուժեղացնի իր բոլոր կարողությունները, իսկ Հայաստանը, գտնվելով շրջափակման մեջ, չի կարողանա զարգանալ և չի կարողանա այս մրցավազքում հետ չմնալ Ադրբեջանից»:

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ 18 տարի հետո արդեն ժամանակն է հասկանալ, որ առաջին նախագահն իրավացի էր:

«Եվ կարծում եմ, որ ապրիլին՝ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի այցը Լևոն Տեր-Պետրոսյանի տուն գոնե խորհրդանշական առումով նշանակում էր հենց այդ դասը քաղելու մասին խոստովանություն: Հիմա դա խորապե՞ս է հասկացվել իշխանության կողմից, մենք դա չգիտենք: Բայց մենք մի բան գիտենք՝ խաղաղության ծրագիրը միակ ճանապարհն է, և մենք հետևողականորեն այն իրականացնում ենք»,- ասաց նա: