Գյումրեցին ընդհանրապես հիասթափված է բոլոր քաղաքական ուժերից, այս քաղաքականությունից. Մարտուն Գրիգորյան
Գյումրեցին ընդհանրապես հիասթափված է բոլոր քաղաքական ուժերից, այս քաղաքականությունից, այս ամեն ինչից. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չունի՞, որ գյումրեցիները նրա՝ ՀՀԿ տեղափոխվելու քայլից հիասթափվել են՝ հաշվի առնելով, որ գյումրեցիները մշտապես ընդդիմությանն են իրենց ձայնը տալիս:
«Գյումրեցին ուզում է իր փողոցը կառուցված տեսնել, իր առօրյա հոգսերը, խնդիրները՝ կարգավորված, աշխատատեղ ունենա, ու գյումրեցուն բացարձակ հետաքրքիր չէ այս քաղաքականությունը»,- ասաց ՀՀԿ ռեյտինգային թեկնածուն:
Հարցին, թե, այդուհանդերձ, խնդիր չունի՞ ընտրողներին բացատրելու, որ պետք է ընտրեն ոչ թե ԲՀԿ քվեաթերթիկում իր անունը փնտրելով, այլ ՀՀԿ, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Ընտրողներն ինձ ընկալում են որպես Մարտուն Գրիգորյան, որպես գյումրեցի Մարտուն Գրիգորյան, և ես ուրախ եմ, որ այս 10 տարիների ընթացքում կարողացել եմ այնպես աշխատել, որ ինձ չընկալեն որպես կուսակցական Մարտուն Գրիգորյանի, այլ որպես պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կամ ուղղակի որպես հենց իրենց Մարտունի են ընկալում գյումրեցիները: Այս մասով ես բացարձակապես խնդիր չունեմ»,- ասաց նա՝ մինչդեռ մեկ հանգամանք այդուհանդերձ խնդիր համարեց:
«Կա հանգամանք, կուսակցությունների հետ կապված, ընդհանուր առմամբ, դժգոհություն ժողովրդի կողմից, բոլոր տեղում էլ հանդիպումների ժամանակ կա այդ հանգամանքը, բոլոր կուսակցությունների հետ կապված։ Իսկ իշխանության հետ կապված, բնականաբար, կա ավելի շատ դժգոհություն, ավելի շատ պահանջ, բայց ես իմ հնարավորության սահմանում փորձում եմ բացատրել՝ ժողովրդի հետ առնչվում եմ որպես հենց Մարտուն Գրիգորյան ՝Գյումրիից ընտրված պատգամավոր: Երբ ժողովուրդը հասկանում է, քեզ է ընտրում, դու պետք է կարողանաս այդ բոլոր կուսակցությունների հնարավորությունները բերել ծառայեցնել ժողովրդին»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով. «Իմ մոտ ստացվել է, թե ոչ, գյումրեցիները հստակ պատասխանը կտան»:
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Մարտուն Գրիգորյանն ասաց, թե, ընդհանուր առմամբ, լավ է ընթանում, սակայն ընդգծեց, որ թեկնածուներից շատերը պասիվ քարոզ են տանում՝ ի տարբերություն իրեն:
Հարցին՝ տարօրինակ չի՞ համարում մեծ քաղաքում նման պասիվ վիճակը, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե, համարում եմ, բայց, ամեն դեպքում, ես իմ պարտքն եմ կատարում, հաշվետու եմ իմ ժողովրդին»:
Թեկնածուն նշեց, թե մյուս թեկնածուների հետ լարվածություն չկա. «Փառք Աստծո, այս պահին ամեն ինչ նորմալ է, ամեն մեկս մեր գործով ենք զբաղվում, կամ՝ չենք զբաղվում»:
Ըստ Մարտուն Գրիգորյանի՝ Գյումրիում «իմ ու քո տարածքի» խնդիր չկա:
«Չկա, Շիրակի մարզը մեկ տարածք է, և ով որ թաղամասում ունի հնարավորություն՝ ազատ աշխատում է, փառք ու պատիվ այդ 110 թեկնածուներին, որ Գյումրիում հանգիստ, խաղաղ ընտրապայքար է ընթանում»,- ասաց նա:
Ի դեպ՝ Մարտուն Գրիգորյանն ուղղեց, թե հարց տալիս իրեն չպետք է տեղեկացնել, թե՝ Գյումրիում այսպես է կամ այնպես: «Ես Գյումրիի հետ կապված ամեն ինչ գիտեմ, ամեն ինչին լավ տիրապետում եմ: Գյումրի քաղաքի խնդիրներն ինձ համար նոր չեն, գիտեմ, աշխատել եմ, 10 տարի Գյումրիից ընտրվել եմ»,- ասաց նա:
Թե բնակիչներն ինչ ակնկալիքներ ունեն իրենից, Մարտուն Գրիգորյանը նշեց. «Ճիշտն ասած, ես ի սկզբանե բոլորին ասում եմ՝ այդ ճանապարհներ կառուցելն էլ, մյուսն էլ, մյուսն էլ, որի խնդիրը ոնց է կարգավորվում, և նաև երկրի վիճակը, բյուջեի հնարավորությունները... Նախ՝ սուտ խոստումներ տալն իմը չէ, և հետո՝ ես խոստումներ չեմ էլ տալիս, ժողովրդին բացատրում ենք իրականությունը որն է, էլի»:










