Ոստիկանապետի կողմից կա հստակ հանձնարարական՝ ամեն ինչ անել, որ ընտրական գործընթացի վրա ստվեր չընկնի. Մնացական Բիչախչյան

17:25 • 28.03.17

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից կա հստակ հանձնարարական՝ ամեն ինչ անել, որ ընտրական գործընթացի վրա ստվեր չընկնի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Այն պահից սկսված, երբ սկսեց վիճարկվել, շահարկվել լրացուցիչ ցուցակներում անձանց ընդգրկվելու հարցը, և ընդհանրապես ընտրական գործընթացներով պայմանավորված բոլոր գործառույթների առումով,  ոստիկանության պետի կողմից հստակ հանձնարարական տրվեց՝ ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտրվեն չարաշահումներ և որ ընտրական գործընթացի վրա ստվեր չընկնի»,- ասաց Բիչախչյանը:

Նրա տեղեկացմամբ՝ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ՝ ըստ գտնվելու վայրի, ցուցակում ընդգրկվելու համար տրամադրվել է մոտ 17 հազար տեղեկանք, իսկ այս ընտրություններին այդ թիվը 28 հազար է: Թվի ավելացման հետ կապված ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը հետևյալ պարզաբանումն արեց. «Հայաստանի Հանրապետության համար 28 հազարը և 17 հազարը, կարծում եմ, մեծ թիվ չէ: Բացի դրանից՝ նոր ԸՕ-ով, ըստ գտնվելու վայրի, ցուցակում ընդգրկվելու համար դիմում կարող են ներկայացնել նաև ընտրական հանձնաժողովի անդամները: Կան այլ աշխատողներ, ծառայողներ ևս, որոնք գտնվում են իրենց բնակության վայրից դուրս»:

Բիչախչյանը նշեց, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թվի նախնական հրապարակումից հետո այդ թիվը մոտ 500-ով նվազել է. «Կատարվում են ճշգրտումներ, մահացած անձանց տվյալները հանվում են պետական ռեգիստրից»,- ասաց նա:

Հարցին, թե ԱՎԾ տվյալներով բնակչությունը 3 մլն է, իսկ ռեգիստրում ընդգրկված է 2.5 մլն ընտրող, ինչպես է ստացվում, որ բնակչության մոտ 85 տոկոսը ընտրելու իրավունք ունի, Բիչախչյանը պատասխանեց. «Այլ բան է վիճակագրական վերլուծությունը և այլ բան է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալը»: