Իտալիայում քաղաքապետը 4 տարուց ավել է աշխատավարձ չի ստանում

04:28 • 28.03.17

Իտալական Բրեսկիա շրջանի Իզեոյի քաղաքապետը, նրա տեղակալն ու խորհրդականները արդեն 4 տարուց ավել է, որ անվճար են աշխատում երկրի համար:


Ինչպես հայտնում է Euromag-ը, համընդհանուր իտալական կոռուպցիայի ֆոնին, այս փոքրիկ քաղաքում տարեկան ավելի քան 70 000 եվրո է հավաքվում քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, որն օգտագործվում է կարիքավոր ընտանիքներին օգնելու և համայնքի պարտքերի վճարման համար:


«Մենք որոշել ենք հրաժարվել աշխատավարձից 2013 թ.-ին՝ փորձելով լուծել բյուջեի դեֆիցիտի հետ կապված խնդիրները, - ասել է Իզեոյի քաղաքապետ Ռիկարդո Վենկյարուտին, - «Գաղափարը ծնվեց ավտոմատ կերպով, երբ հաշվարկեցինք մեր բոլորի աշխատավարձերը (քաղաքապետ`2600 եվրո, քաղաքապետի տեղակալ՝ 1300 եվրո, խորհրդականներ՝ 1040 եվրո): Մենք որոշեցինք, որ պահելով այդ ողջ գումարը մեկ տարվա ընթացքում, մեծապես կօգնենք քաղաքին, քանի որ 2009 թվականի դրությամբ այն 18 մլն եվրո պարտք էր կուտակել: Բացի այդ, մենք կարող էինք այդպիսով օգտակար լինել մեր քաղաքի առավել կարիքավոր ընտանիքներին»:

 

Ուշագրավ է, որ Վենկյարուտին, ով նման կերպ փորձել է նաև օրինակ ծառայել իտալացի մյուս պաշտոնական այրերին, որոշ չափով հասել է իր նպատակին, քանի որ մի շարք գործընկերներ ոգևորվել են նրա արարքից, սակայն նշվում է, որ վերջիններս անգամ մեկ տարի էլ չեն ձգել առանց աշխատավարձի: