Փարիզում ոստիկանի կողմից չինացու սպանությունը բողոքի ցույցեր է հրահրել. ձերբակալվել է 35 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)

13:55 • 28.03.17

Ֆրանսիայի ոստիկանությունը 35 մարդ է ձերբակալել ոստիկանի կողմից չինացու սպանության առնչությամբ Փարիզի ասիական համայնքի ցույցի ժամանակ, հայտնում է AFP գործակալությունը:


Ոստիկանությունը հայտնել է, որ ասիական համայնքի մոտ 150 անդամ հավաքվել է մայրաքաղաքի հյուսիս-արևելքում գտնվող ոստիկանական բաժանմունքի դիմաց:


Հաղորդվում է, որ տեղի ունեցած բախումների ընթացքում երեք ոստիկան է վիրավորվել, և վնաս է հասցվել մեկ ոստիկանական մեքենայի:


Զայրացած ցուցարարները բողոքել են ոստիկանական բռնության դեմ, երբ հայտնի է դարձել, որ ոստիկանը կիրակի օրը չինացու է սպանել:


Ինչպես գործակալությանը հայտնել են ոստիկանությունում աղբյուրները, իրավապահները ժամանել են չինացու տուն՝ ընտանեկան վեճի մասին հաղորդումից հետո:


Նրանց խոսքերով՝ տղամարդը դուռը բացվելուն պես դանակով հարձակվել է ոստիկանի վրա՝ վիրավորելով նրան, իսկ ոստիկանի գործընկերը կրակել է նրա վրա՝ սպանելով չինացուն:


Այնուամենայնիվ, սպանվածի բարեկամների փաստաբանը նշել է, որ ընտանիքը «վիճարկում է դեպքերի պաշտոնական վարկածը», և հավելել է, որ չինացին ոչ մեկի չի վիրավորել, իսկ ոստիկանները կրակել են առանց նախազգուշացման: