Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար 1.5 մլրդ դոլար է խնդրել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Կոնգրեսին` նախնական 1.5 մլրդ դոլար խնդրելով Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցումը սկսելու համար:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Թրամփի խնդրանքը կարող է չբավարարվել, քանի որ Կոնգրեսի դեմոկրատ անդամները դեմ են պատի կառուցման առաջարկին՝ այն համարելով թերի և ոչ հիմնավոր:
Ենթադրվում է, որ Թրամփի առաջարկը կարող է քննարկվել Կոնգրեսում ապրիլի 28-ին՝ պետական ծախսերի մասին նոր օրինագծի շրջանակում: Սակայն դեմոկրատները սպառնացել են տապալել օրինագծի ընդունումը, եթե պատի կառուցման համար գումար հատկացնելու առաջարկը ներառված լինի փաստաթղթում:
Բացի այդ, պատի կառուցմանը դեմ են նաև Մեքսիկային սահմանամերձ քաղաքները ներկայացնող մի շարք հանրապետական օրենսդիրներ: Նրանց կարծիքով՝ պատը կառուցելու համար ԱՄՆ կառավարությունը որոշ հատվածներում ստիպված կլինի Մեքսիկայից հողակտորներ գնել, ինչը, անշուշտ, կավելացնի ծախսերը:
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ պատի կառուցման համար ԱՄՆ-ն կարող է ծախսել մինչև 21.6 մլրդ դոլար: Մինչդեռ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր, որ նախագծի իրականացումը կարժենա առավելագույնը 12 մլրդ դոլար:










