Ֆրանսիայի դատարանը նախկին ԽՍՀՄ երկրներից 22 հոգու ազատազրկման է դատապարտել՝ այդ թվում հայերի

04:21 • 29.03.17

Ֆրանսիայի Բորդո քաղաքի դատարանն 8 ամսից մինչև 9 տարով ազատազրկման է դատապարտել նախկին Խորհրդային Միության երկրներից գաղթած 22 տղամարդկանց՝ կազմակերպված հանցավորության մեղադրանքով, հաղորդում է Agence France-Presse-ը:


22 ներգաղթյալների թվում են նաև մարդիկ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Ուզբեկստանից, ովքեր մեղավոր են ճանաչվել գողության, դրամաշորթության, մաքսանենգության համար՝ դատապարտվելով տարբեր ժամկետների ազատազրկման:


Ամբաստանյալների հանցավոր կազմակերպությունը գործել է Ֆրանսիայի գրեթե ողջ տարածքով մեկ՝ 2011 թվականից սկսած: Դատարանի բնութագրմամբ՝ խումբը պատկանել է մաֆիայի մի տեսակի և տարբերվել է սովորական հանցավոր կազմակերպություններից: 


Այստեղ գործել է խիստ հիերարխիա, իսկ խմբի ենթադրյալ ղեկավարը եղել է 41-ամյա Արթուր Յուզբաշևը՝ ծագումով Վրաստանից, ով դատապարտվել է ինը տարվա ազատազրկման:


Ըստ ամբաստանյալներից մեկի փաստաբանի՝ նրանք մտադիր են բողոքարկել այդ որոշումը: