Իսրայելում օրթոդոքս հրեաների` զորակոչի դեմ բողոքի ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով (լուսանկարներ, տեսանյութեր)
Երուսաղեմում մոտ 10 հազար օրթոդոքս հրեա բողոքի ցույցի է դուրս եկել զորակոչի դեմ: Այս մասին հայտնում է Arutz Sheva-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ զանգվածային ցույցերի պատճառը տեղի ռաբբիի որդու ձերբակալությունն է եղել. երիտասարդը մեղադրվել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Հայտնի է, որ օրթոդոքս հուդաիզմի կանոնների համաձայն` այդ կրոնի հետևորդներին արգելվում է կռվել:
Բողոքի ցույցի կազմակերպիչներից մեկն իր ելույթի ժամանակ Իսրայել պետությունը համեմատել է հրեա ժողովրդի թշնամիների հետ:
«Մենք կլցնենք բանտերը: Նրանք չեն վախեցնի մեզ: Մենք փրկվեցինք Փարավոնից, մենք փրկվեցինք իսպանական ինկվիզիցիայից, մենք փրկվեցինք Հիտլերից, ձեզնից էլ կփրկվենք», - ասել է նա:
Նշվում է, որ բողոքի ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով:























