ԱՄՆ Կոնգրեսը չեղարկել է համացանցում տվյալների պաշտպանության մասին օրենքը
ԱՄՆ-ում ինտերնետային պրովայդերները մոտ ժամանակներս արդեն ստիպված չեն լինելու օգտատերերի թույլտվությունը հարցնել մարքեթինգային ընկերությունների և շուկայի այլ մասնակիցների հետ նրանց անձնական տվյալներով կիսվելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Բարաք Օբամայի օրոք սահմանված օրենքի չեղարկման օգտին, որը պարտավորեցնում էր ինտերնետային պրովայդերներին թույլտվություն ստանալ օգտատերերի անձնական տվյալների օգտագործման համար՝ այդ թվում այնպիսի տվյալների, ինչպիսին է հաճախորդի գտնվելու վայրը և ինտերնետային կայքեր նրա այցելության պատմությունը:
Այդ որոշման աջակիցները պնդում են, որ դա կմեծացնի շուկայում մրցունակությունը, իսկ քննադատները մտավախություն են հայտնում, որ օրենքի նախագիծը կհարվածի սպառողների իրավունքներին:
Սպասվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս հավանության կարժանացնի Կոնգրեսի այդ որոշումը:
Օրենքի վերացմանն ակտիվորեն փորձում էին հասնել հաղորդակցությունների շուկայի այնպիսի խոշոր խաղացողներ, ինչպիսիք են Verizon-ը, AT&T-ն և Comcast-ը, որոնք պնդում էին, որ ընկերությունները, որոնք տրամադրում են ինտերնետային ծառայություններ, ավելի խիստ կարգավորումների են ենթարկվում, քան, օրինակ, Google-ը կամ Facebook-ը:
Անցած տարվա հոկտեմբերին ընդունված օրենքը պետք է ուժի մեջ մտներ այս տարվա վերջին:










