Թրամփի ընկերությունը կապված է եղել ՌԴ-ից և նախկին խորհրդային պետություններից հանցագործների հետ. USA Today
Անշարժ գույքի ոլորտում իր նախագծերը զարգացնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա ընկերությունը և գործընկերները բազմիցս դիմել են ունևոր ռուսներին և նախկին խորհրդային երկրներից օլիգարխներին, որոնցից ոմանք կապված են կազմակերպված հանցավորության հետ: Նման պնդմամբ է չորեքշաբթի օրը հանդես եկել USA Today-ը՝ հիմնվելով դատարանի նյութերի, կառավարական և իրավաբանական փաստաթղթերի և նախկին դաշնային դատախազ Քեն ՄքՔալիոնի հետ հարցազրույցի վրա:
Լրատվամիջոցի համաձայն՝ նախագահը և նրա ընկերությունը կապված են եղել նախկին ԽՍՀՄ-ից առնվազն 10 գործարարի հետ, որոնք կապ ունեն հանցավոր կառույցների կամ փողերի լվացման հետ:
Նրանց թվում է ռուս էմիգրանտ Ֆելիքս Սատերը, որն աջակցություն է տրամադրել Նյու Յորքում Trump SoHo հյուրանոցի կառուցմանը: Նա երկու անգամ դատապարտված է եղել, իսկ հետագայում զբաղվել է Ռուսաստանում Թրամփի համար ներդրողների որոնումներով: Թրամփի մեկ այլ գործընկեր է եղել Ղազախստանից միլիարդատեր Ալեքսանդր Մաշկևիչը, ում Բելգիայի իշխանությունները մեղադրել էին 55 միլիոն դոլար գումարի լվացմանը ներգրավվածության համար: Եվս երեք գործընկերների, որոնք եղել են Ֆլորիդայում և Նյու Յորքում Trump Organization-ի անշարժ գույքի սեփականատերեր, ներկայացվել են մեղադրանքներ ռուս-ամերիկյան հանցավոր խմբին ներգրավվածության համար:
USA Today-ը նշում է, որ Թրամփն աշխատել է նաև Ղազախստանի նախկին էներգետիկայի նախարար և Ալմաթիի քաղաքապետ Վիկտոր Խրապունովի հետ, ում դեմ Լոս Անջելեսում առաջադրվել են գողացված միլիոնավոր դոլարներ թաքցնելու մեղադրանքներ, ինչպես նաև ուկրաինացի գործարար Պյոտր Կիրիչենկոյի հետ, որը ներգրավված է եղել Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի մասնակցությամբ գումարների լվացման հետ կապված խարդախության մեջ:










