Հայերի ներդրումն անգնահատելի է մեր երկրի կյանքում. Լեհաստանի նախագահ

12:33 • 30.03.17

 

Մարտի 29-ին Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների համար Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան Նախագահական պալատում կազմակերպել է հատուկ ընդունելություն, որին մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վարշավայի և Արևելյան Լեհաստանի Կարդինալ Կազիմիրժ Նիչը, ԼՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Վոյչեխ Կոլարսկին և Անջեյ Դերան, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, անվանի հայագետներ, հոգևորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ այլ հյուրեր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդունելությունը նվիրված է եղել Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյա հոբելյանին, ինչի առիթով Լեհաստանի պատմական փաստաթղթերի գլխավոր արխիվից Նախագահական պալատ է բերվել Լեհաստանի թագավոր Կազիմերժ Մեծի կողմից ընդունված այն փաստաթղթի բնօրինակը, որով 1367 թվականին Լեհաստանի թագավորն արտոնել է Սսի Կաթողիկոսի կողմից նշանակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական Գրիգորին ազատորեն քարոզել Հայ Առաքելական եկեղեցու հավատքը Լեհաստանի Թագավորության ողջ տարածքում: 

Արարողությանը ծավալուն ելույթ է ունեցել ԼՀ Նախագահ Անջեյ Դուդան, ով իր խոսքում մեծ կարևորություն և նշանակություն է տվել հայերի ներկայությանը և Լեհաստանի պատմության ընթացքում ունեցած դերակատարությանը: «Հայ ժողովրդի պատմությունը գրանցված է նաև Լեհաստանի ժողովրդի պատմության մեջ, այն անբաժանելի կեպով կապված է մեր ժողովրդի պատմության հետ: Հարյուրամյակների ընթացքում իրար խառնված մեր արյունը Լեհաստանի մեծ ձեռքբերումն է: Հնարավոր չէ պատկերացնել Լեհաստանի պատմությունը առանց դրանում, մեր մշակույթում, մեր ավանդույթներում հայերի բազմադարյա ներդրման»,- հայտարարել է Նախագահ Դուդան: 

«Հայերն իրենց ավանդույթով, իրենց մտավորականությամբ, իրենց արվեստով, մշակույթով ու հավատով միշտ հյուրընկալվել են Լեհաստանում: Հայերի ներդրումն անգնահատելի է մեր երկրի կյանքում, հասարակական կյանքի բոլորոլ որտներում: Նրանք մշտապես ներգրավված են եղել հասարակական կյանքում, իրենց նոր Հայրենիքի կյանքում` մշտապես հիշելով Հայաստանի մասին: Այս հարյուրամյակներին նայելով` ես` որպես Լեհաստանի Հանրապետության Նախագահ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ ներդրման համար»,- շեշտել է Անջեյ Դուդան:

Լեհաստանի Նախագահը հատկապես ընդգծել է Լեհաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ բերած գործիչներին` հիշատակելով հայկական արմատներով ականավոր նկարիչ, Կրակովի Գեղարվեստի Ակադեմիայի պրոֆեսոր Թեոդոր Աքսենտովիչին, ինչպես նաև աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն:

Նախագահը հավելել է, որ հայերը, ժամանելով Լեհաստան դեռևս 1367 թվականին, արտոնություն են ստացել հիմնելու առաջին հայկական եկեղեցական թեմը Լեհաստանում:

Իր ելույթում Լեհաստանի Նախագահն ընդգծել է, որ 1519 թվականին Լեհաստանի Թագավոր Զիգմունդ Առաջին Ավագը ճանաչել է Հայոց հնագույն օրենքները իբրև Լեհաստանի օրենսդրության մի մաս:

Նախագահի ելույթից հետո ընթերցվել է ԼՀ Նախագահի հրամանագիրը, որով ԼՀ Նախագահ Անջեյ Դուդան Լեհաստանի Հանրապետության անկախության համար նշանակալի ներդրման համար Լեհաստանի Վերածննդի Կոմանդորական (Սպարապետի) Խաչ շքանշանով հետմահու պարգևատրել հայազգի զինվորական Վալերիան Տումանովիչին:

Արարողության ընթացքում լեհական երգչախմբի կատարմամբ հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները։

Միջոցառման ընթացքում ընդարձակ ելույթով հանդես է եկել Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, անվանի հայագետ, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, ով ներկայացրել է Լեհաստանի հայ համայնքի պատմության ուշագրավ մանրամասներ` ընդգծելով Լեհաստանի թագավորների կողմից հայ համայնքին տրված բացառիկ արտոնությունները։

Առանձին ելույթներով հանդես են եկել նաև Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու քահանա Տադեուշ Իսակովիչ–Զալեսկին և Գլիվիցեի հայ համայնքի ներկայացուցիչ, բանաստեղծ Բոգդան Կասպրովիչը (Աստվածատուր Իլովացի Գասպարյան), ովքեր իրենց խոսքում անդրադարձել են Լեհաստանի պատմության մեջ հայերի դերակատարությանը։

Միջոցառման պաշտոնական մասից հետո կազմակերպված հյուրասիրության ընթացքում ԼՀ Նախագահն առանձին հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ընդունելության ավարտին Լեհաստանի Նախագահին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ղազարյանը նրան նվիրել է արցախյան ձեռագործ գորգ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերով: