Քարոզարշավի ընթացքում բոլորի թիրախում ՀՀԿ-ն էր, ստացվեց խաղ՝ 8-ը 1-ի դեմ. Գառնիկ Իսագուլյան

13:51 • 30.03.17

 

Հայաստանում անցկացված Սահմանադրական փոփոխությունները, որոնց ես դեմ էի, շատ դրական ազդեցություն ունեցան. նոր ընտրական օրենսգիրքը, սահմանադրական փոփոխությունները, ցույց տվեցին, որ Հայաստանում չկան կայացած կուսակցություններ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Սա ակնառու դարձավ: Օրենսդիրները, ովքեր գնացին այս փոփոխություններին, գուցե հենց նպատակ ունեին սա բացահայտելու, որ չկան կայացած կուսակցություններ: Բոլորը հայտարարում էին, թե ինչքան անդամներ ունեն, ինչքան կառույցներ ունեն մարզերում, շրջաններում, ամեն ինչ անում էին, որ համամասնական ընտրակարգով գնան ընտրությունները: Բայց նոր համակարգը ցույց տվեց, թե ով ինչքան ռեսուրս ունի, ցույց տվեց, որ կուսակցություններում կա ղեկավար մարմին, որի տակ կուսակցական կառույց գոյություն չունի, չունեն ռեյտինգային թեկնածուներ, կուսակցական կազմակերպություններ: Մենք տեսանք, թե ով ինչ պաշարներ ունի»,- ասաց Իսագուլյանը՝ նշելով, թե այս առումով բացառություն է «Հանրապետական» կուսակցությունը:

Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ փոքր-ինչ բարվոք է նաև ՀՅԴ վիճակը, իսկ մյուս կուսակցությունները ընտրություններից առաջ սկսեցին ձևավորել իրենց գրասենյակները, աշխատանքները:

Ընդհանուր քարոզարշավն ամփոփելով՝ Գառնիկ Իսագուլյանը շեշտեց, որ 8-ը 1-ի դեմ էին պայքարում: «Ստացվեց խաղ՝ 8-ը 1-ի դեմ: Բոլորի հիմնական թիրախը ՀՀԿ-ն էր, բոլորը քննադատում էին ՀՀԿ-ին: Ինձ համար զարմանալի ու գովելի էր, որ ՀՀԿ-ն, սակայն, որևէ կուսակցության թիրախ չդարձրեց: ՀՀԿ-ն որևէ անգամ չանդրադարձավ այս հարձակումներին ու ստացվեց խաղ՝ 8-ը 1-ի դեմ: Սա գուցե տարօրինակ է, բայց նաև հասկանալի է, որ գիտեն, որ մրցունակ թեկնածուներ են առաջադրել ու չեն ուզում կրքեր բորբոքել, չնայած՝ ունեին հնարավորություն հակադարձելու»,- նշեց Իսագուլյանը:

Իսագուլյանը նշեց, որ եթե ՀՀԿ համամասնական ցուցակը թարմացված տեսք չունենար, չփոխվեր վարչապետը, ընտրական ցուցակը կտրուկ փոխված չլիներ, չերիտասարդանար, մյուս ուժերի պայքարը ՀՀԿ դեմ չէր լինի: «Մյուս կուսակցությունները վախեցած են հենց ՀՀԿ-ում տեղի ունեցող փոփոխություններից, որովհետև Կարեն Կարապետյանն ունի բարձր վարկանիշ»,- հավելեց նա: