Ընտրությունները մի օր ավարտվելու են, բազմաթիվ անգամ խաբվելուց մի քիչ զգուշացեք. Թաթուլ Մանասերյան
Ընտրությունները մի օր ավարտվելու են, բազմաթիվ անգամ խաբվելուց մի քիչ զգույշ եղեք. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ով մի խումբ տնտեսագետների հետ ուսումնասիրել է քաղաքական ուժերի խոստումները և եզրակացրել, որ դրանց մեծ մասն անիրական է։
«Երբ լսում եմ որոշ հռետորների, իրենց անցյալով մեծ մասը բնավ վստահություն չեն ներշնչում: Մանավանդ, որ նրանցից շատերը ոչ հեռու անցյալում լծակներ ունեին, և ոչինչ չեն ձեռնարկել, իսկ հիմա խոստումներ են տալիս, դա ազնիվ չէ: Երբեք բարոյական չեմ համարի այն, երբ դու լռում ես ինչ-ինչ շահերի համար, հետո ասում՝ ես դա կանեմ, դա ազնիվ չէ»,-ասաց տնտեսագետը և նշեց, որ եթե այդ գործիչն իշխանության մեջ եղել է, ապա ունի նաև պատասխանատվություն:
Թաթուլ Մանասերյանը ձեռնպահ մնաց անուններ տալուց, քանի որ, ըստ իրեն, դա կկոչվի քարոզչություն կամ հակաքարոզչություն:
«Այդ բացառություններն են, որ լրջագույն աղետ են, ասում ենք՝ ստվերը կկրճատենք, ի՞նչ է չենք ճանաչում, թե ովքեր են ստվերի դաշտում, պետք է նրանց ականջները բռնել, բերել դաշտ»,- ասաց տնտեսագետը:
Հարցին, թե որոշ ուժեր նաև խոստանում են տեսախցիկները, կարմիր գծերը վերացնել, արդյոք դա իրատեսակա՞ն է, Թաթուլ Մանասերյանը հստակ չպատասխանեց.
«Չգիտեմ ինչքանով է իրատեսական։ Կարող եմ, օրինակ, զուգահեռ անցկացնել օդի տուրքի հետ, երբ այնքան վատ էր հարկվում, որ փոխանակ վերահսկողություն սահմանելուն, որպեսզի ստացվածն ուղղվեր սոցիալական խնդիրներին, հանվեց: Հիմա տեսախցիկների մասով. արդյոք այդքան տկարամի՞տ ենք, որ այդ հարկերը չգնան առանձին խմբերի գրպանը, այլ պետական բյուջե, համայնքին բյուջե և վերահսկվեն, որ այդ համայնքների խնդիրների բավարարմանն ուղղվեն: Եվ հետո, արդյոք տեսախցիկների տուգանքները համարժե՞ք են մեր եկամուտներին, որ մարդն իր ամբողջ եկամուտը չհանձնի։ Զանցանքներ բոլորի մոտ են լինում, մենք այստեղ մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնելու խնդիր ունենք: Եթե սրանք ամբողջը հանենք, նշանակում է՝ հանենք հարկերը և ասենք, որ լավ չենք հարկում»,- ասաց Մանասերյանը:










