Արգենտինան հավանության է արժանացրել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը

10:50 • 30.03.17

Արգենտինան հավանության է արժանացրել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը: Օրինագիծը պետք է ստորագրի երկրի նախագահ Մաուրիսիո Մակրին, ում կուսակցությունն աջակցել է օրինագծի ներկայացմանը, հայտնում է Reuters գործակալությունը:


Նման օրենքներ ավելի վաղ ընդունել են նաև Չիլին և Կոլումբիան, իսկ հարևան Ուրուգվայն անգամ օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը ոչ բժշկական նպատակներով:


Օրինագիծը, որը թույլ է տալիս բժշկական նպատակներով մարիխուանայի ներկրումը՝ մինչ Արգենտինան կարողանա արտադրել սեփականը, սենատորների կողմից ընդունվել է միաձայն:


Օրինագծի ընդունման ակտիվ ջատագովներն են եղել տարբեր քաղաքացիական կազմակերպություններ, ինչպիսին է «Mama Cultiva»-ն, որը բաղկացած է մարիխուանայի անհրաժեշտություն ունեցող հիվանդ երեխաների մայրերից: Որոշ գիտական մարմիններ մարիխուանայի արտադրության թույլտվություն են ստացել հետազոտական նպատակներով: