ԱՄՆ Հավայի նահանգի դատարանը երկարաձգել է Թրամփի ներգաղթային հրամանագրի ուժի մեջ մտնելու արգելքը
ԱՄՆ Հավայի նահանգի Հոնոլուլուի դաշնային դատարանն անորոշ ժամկետով երկարաձգել է ներգաղթի խստացման վերաբերյալ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի ուժի մեջ մտնելու արգելքը, որը գործում է ամբողջ երկրով մեկ: Այդ մասին ասված է չորեքշաբթի հրապարակված դատավոր Դերեք Ուոթսոնի որոշման մեջ, հայտնում է CNN-ը:
Փաստաթղթի համաձայն՝ արգելքը գործելու է մինչև այդ թեմայով բոլոր դատական լսումների ավարտը: Թե երբ են դրանք ավարտվելու՝ դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հավայի նահանգը կասեցրել է հրամանագրի գործողությունը, որը պետք է ուժի մեջ մտներ լույս մարտի 16-ին: Թրամփն արդեն այդ որոշումը քաղաքական է անվանել։ Նա նշել է, որ դա աննախադեպ դատական սխալմունք է, որը շտկելու համար ինքը պատրաստ է մինչև վերջ գնալ՝ այդ թվում նաև մինչև ԱՄՆ գերագույն դատարան:
Թրամփը մարտի 6-ին ստորագրել էր նոր հրամանագիր, որն ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելք է սահմանում հիմնականում մահմեդական բնակչությամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վեց երկրների քաղաքացիների համար: Հրամանագիրը ենթադրում է 90-օրյա մուտքի արգելք Սուդանի, Սիրիայի, Իրանի, Եմենի, Լիբիայի և Սոմալիի քաղաքացիների համար, բացառությամբ նրանց, ովքեր ունեն գործող ամերիկյան վիզա:
Առաջին նմանատիպ հրամանագիրը Թրամփը ստորագրել է հունվարի 27-ին, այսինքն՝ երդմնակալությունից մեկ շաբաթ անց: Այդ հրամանագրում «սև ցուցակում» ներառվել էր 7 պետություն՝ այդ թվում Իրաքը, որը երկրորդ տարբերակում հանվել է ցուցակից:










