Մեր ծրագիրը կարելի է անվանել նաև բարեփոխումների ծրագիր. Կարեն Կարապետյան (տեսանյութ)
ՀՀԿ ներկայացրած ծրագիրը հավակնոտ է, բայց միաժամանակ իրատեսական: Այս մասին այսօր Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ի՞նչ ծրագրով ենք մենք հանդես եկել: 2017թ.-ին կառավարությունն իր առջև դրել էր հետևյալ խնդիրը՝ կառավարման սուբյեկտների ախտորոշում, մաքրում այն ավելորդից, որը խանգարում է մեզ առաջ շարժվել, կառավարման համակարգի բարեփոխումների սկիզբ, տնտեսական ցուցանիշների ստաբիլացում: Սա չափազանց կարևոր էր մեզ համար, որ հասկանանք մեր նեղ տեղերը, մեր պրոբլեմները»,- ասաց ՀՀ վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ կատարված ախտորոշումը ցույց տվեց, որ բոլոր ոլորտներում կա արդյունավետության պակաս, ինչն էլ դրդում է նրան, որ բարեփոխումներ կատարվեն բոլոր ոլորտներում: «Այդ իսկ պատճառով կարելի է մեր ծրագիրը անվանել նաև բարեփոխումների ծրագիր: Մենք կատարում ենք ֆունդամենտալ փոփոխություններ բոլոր ոլորտներում: Բոլոր բարեփոխումներն ունեն երեք հայտանիշ, որը բնորոշ է նաև մեր ծրագրին, այն է, որ այն հավակնոտ է, համարձակ, պրագմատիկ է, ռացիոնալ, իրատեսական, թիմը, որը դա անում է, պետք է ունենա կամք: Մեր ծրագիրը և թիմը բավարարում է այս երեք հայտանիշներին: Մեր ծրագրի իրականացման պարագայում մենք արդյունքում կունենանք ժամանակակից, տրամաբանական, զարգացող, աշխարհի համար հասկանալի երկիր, բայց մեր հայկական ավանդույթներով և համ ու հոտով»,- մանրամասնեց գործադիր մարմնի ղեկավարը:










