«Կարդացեք շուրթերից». Պուտինը պատասխանել է ԱՄՆ-ում ընտրությունների վրա ՌԴ-ի ազդեցության մասին հարցին

17:29 • 30.03.17

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանն ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների վրա, առաջարկել է կարդալ շուրթերից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Կարդացեք շուրթերից՝ NO»,- ասել է Պուտինը:


Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները ոչնչացնելու փորձերն անպատասխանատու են և սխալ, նշել է Պուտինը: «Մենք ցանկանում ենք ամբողջությամբ խզե՞լ դիվանագիտական հարաբերությունները, իրավիճակը հասցնել 1960-ականների՞ն՝ Կարիբյան ճգնաժամի՞ն: Իսկ հետո՞»,- ասել է նախագահը՝ վստահություն հայտնելով, որ դա «չի բխում ամերիկացի ժողովրդի մեծամասնության շահերից»:


Ռուսաստանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերություններ զարգացնել, այլ ոչ «պատերազմել»: Նա հույս է հայտնել, որ Մոսկվան և Վաշինգտոնը կկարողանան համագործակցել Սիրիայում և Ուկրաինայում հակամարտությունների կարգավորման հարցում։


Պուտինը նաև զառանցանք է անվանել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի «լրտեսական» հանդիպումների մասին պնդումները՝ ընդգծելով, որ քաղաքական էլիտայի, գործարարների և կոնգրեսականների հետ շփումը «համաշխարհային դիվանագիտական պրակտիկա» է: