ԱՄՆ-ում ներկայացվել է ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին առաջին բանավոր զեկույցը
ԱՄՆ Սենատում ներկայացվել է նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հետաքննության առաջին բանավոր զեկույցը: Այդ մասին հայտնում է CNBC հեռուստաընկերությունը:
ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը շարունակում է «Ռուսաստանի գործով» հետաքննությունը: Դա հաստատել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռիչարդ Բերը:
Պատասխանելով հարցին, թե կան որևէ արդյունքներ՝ նա հայտարարել է, որ հետաքննությունը «սկզբնական փուլում է»:
«Արդեն այժմ եզրակացություններ անելը խելագարություն կլիներ»,- ասել է նա լրագրողներին ճեպազրույցի ընթացքում:
Հարցին, թե արդյոք կան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ապացույցներ՝ նա առաջարկել է սպասել հետաքննության արդյունքներին:
Բերը հայտարարել է, որ հանձնաժողովը կսկսի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին գործով վկաների հարցաքննությունն ապրիլի 3-ին: Ընդհանուր առմամբ, հանձնաժողովը 20 հոգու վկայություն տալու դիմում է ուղարկել: Նրանց թվում է Թրամփի փեսան և նրա խորհրդական Ջարեդ Քուշները:










