Հայաստանը պարտավոր է առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Կոմկուսի ղեկավար (տեսանյութ)
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը երեք անգամ խորհրդարանում չհայտնվելուց հետո չի կազմաքանդվել, ինքնակազմակերպվել է և 2017-ին մասնակցում է խորհրդարանական ընտրություններին։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմկուսի առաջնորդ, համամասնական ցուցակը գլխավորող Տաճատ Սարգսյանը։
Հարցին, թե քարոզարշավը մոտենում է ավարտին, ի՞նչ արդյունք ունի Կոմկուսը, Տաճատ Սարգսյանն ասաց. «Ունենք այն, ինչ ունենք։ Տարբեր առիթներով ընդգծել ենք, որ կուսակցությունը ոչ օբյեկտիվ պատճառով չհայտնվեց ԱԺ-ում 2003-ին, 2007-ին և 2012-ին, և դա մեզ չընկճեց, որովհետև մենք գիտենք մեր կարողությունը։ 2012-ից հետո էլ մոբիլիզացրինք մեր ուժերը, որպեսզի մասնակցենք խորհրդարանական ընտրություններին և անցնենք Ազգային ժողով։ Նաև այն կարծիքին ենք, որ չնայած 70 տարի Խորհրդային Հայաստանը ղեկավարելուց հետո ղեկավար դերի մեջ չէ կուսակցությունը, սակայն քանի որ 70 տարի մարդն ապրել է ըստ պահանջի, Կոմկուսին մոռացած չի լինի։ Դա փաստվեց ժողովրդի հետ հանդիպման ժամանակ»։
Կոմկուսի առաջնորդն ասաց, որ դաշինք կազմելու առաջարկ ևս եղել է քաղաքական ուժերի կողմից, սակայն իրենք մերժել են, որովհետև իրենց գաղափարախոսությունը տարբեր է։
Տաճատ Սարգսյանն ասաց, որ իրենց ծրագիրը ներկայացրել են ժողովրդին, լսել նրանց առաջարկները, իսկ Կոմկուսի ծրագիրը ծառայում է երկրում ստեղծված իրավիճակը շտկելու համար. «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ. սա է մեր կարգախոսը»։
Tert.am-ի հարցին, թե ինչպես է Կոմկուսը խոսում նվազ ռեսուրսներից, միաժամանակ խոստանում շտկել իրավիճակը, և բացի այդ, արդյո՞ք Խորհրդային միության ժամանակվա արտադրությունը, եթե անգամ վերականգնվի, պահանջարկ կունենա, Տաճատ Սարգսյանն ասաց. «Խորհրդային իշխանության տարիներին ՀՆԱ-ի 68%-ը տալիս էր արդյունաբերությունը, նման եկամուտները բավարարում էին։ Եթե դուք քայլեք Երևանի փողոցներում, այդքան թալանելուց հետո դեռևս կան կանգուն շինություններ, պետությունը պարտավոր է դրանք հետ վերցնել օրենքով և դարձնել արտադրամասեր։ Մենք պարտավոր ենք առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, Ադրբեջանի ցանկությունն անցել է, Ղարաբաղն անկախ է, մենք պարտավոր ենք Ադրբեջանի հետ ևս հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների»։
Տաճատ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը պետք է օդային և ցամաքային ճանապարհների հարցը լուծի և զարգացնի տնտեսությունը։










